«Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդում

Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. Ստեղծենք միասին»  առաջին երիտասարդական հավաքի  մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այնուհետև մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» թեմայով, որը վարում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ելույթ ունեցավ «Նոր հանգրվաններ ու հեռանկարներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու գիտական ուսումնասիրության համար» թեմայով՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության ոլորտում ձեռք բերած արդյունքներին:

Բանախոսը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունն ու հետագա ծրագրերը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համապարփակ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության հիմնական փուլերն ու առանձնահատկությունները:

«IDeA» հիմնադրամի իրավական հարցերով գլխավոր խորհրդատու Եղիշե Կիրակոսյանը անդրադարձավ Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերին, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և անհրաժեշտ մեխանիզմներին, ինչպես նաև առկա մարտահրավերներին ու հիմնախնդիրներին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի տեսլականը և ընդգծեց, որ այդօրինակ ֆորումների նպատակն է շարունակել Հայաստանի Հանրապետության նախաձեռնողական քայլերը՝ ուղղված Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը, նպաստել արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը:

«IDeA» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը խոսեց «Ավրորա մրցանակաբաշխության դերի և նշանակության մասին:

Նիստի ավարտից հետո բանախոսները պատասխանեցին հավաքին մասնակից ուսանողների հարցերին: 

1 2 3 4

Scroll Up