Ես քարտեզագրության նոր կանոններ կհորինեի…

Մտքերը, որ ես ընթերցել  էի   իմ միջակ կարողությունների տեր աշակերտի շարադրանքից, զարմանք առաջացրին. «Երբ առաջին անգամ քարտեզի վրա փնտրում էի իմ հայրենիքը, այն դժվարությամբ գտա: Մեծ տարածքներ ունեցող հզոր պետությունները փառահեղ բազմել էին կողք կողքի, և նրանց արանքում մի փոքրիկ երկիր` հայոց հինավուրց հողը, ժպտում էր ինձ: Ու մտածեցի, որ եթե ես մեծ լինեի, ապա անպայման քարտեզագրության նոր կանոններ կհորինեի, մեծ ու գունեղ կլինեին այն երկրների տարածքները, որոնցում ապրող ժողովուրդը աշխարհաշեն կյանքով է ապրել, չի նեղացրել մյուսներին և ծնել է այնպիսի մարդկանց, որոնք աստվածային շնորհներով   են   եղել   օժտված…»:             

Այդ  օրը 10-րդ դասարանում մի այլ հայացքով նայեցի այդ վտիտ, ամաչկոտ ու հրաշալի պահվածքով  աշակերտին՝  Դավիթ  Աբալյանին:  Նրան    կարծես  ավելի հասուն ու  մեծացած  էի տեսնում,  բայց նաև կասկածամտությամբ հարցրի. <<Քեզ օգնե՞լ են տանը,   հիանալի մտքեր են, երանի  թե նոր սահմաններ գծվեին մեզ համար>> :

Մի պահ իրեն կորցրեց, բայց հետո կամաց, հազիվ ինձ հասանելի ձայնով անկեղծացավ նա: Չնայած մի  փոքր  հիասթափություն  ապրեցի,  բայց չկարողացա իմ աշակերտին մեղադրել… Գուցե քարտեզագրության նոր կանոններ հորինողներից մեկն էլ հետագայում ի՞նքն էր լինելու, չցանկացա,   թեկուզ և ուրիշից վերցրած, նրա   այդ  հիանալի երազանքը  խորտակել…

Ես  համոզված  էի, որ  այդ  փոքրիկ հայրենիքը  նաև նրա մեջ  է, այն բոլորինս  է, մեր սերն է այն, մեր  բողոքն ու ցասումը, մեր հպարտությունն  է, մեր վիշտն  ու  անդառնալի ցավը, այդ հայրենիքը մեր երազանք  է  ու մեր հոգին, այն մեր պատմությունն  է, մեր անցած  ճամփան, մեր նորօրյա  տառապանքն   է, մեր  գալիք    օրը…

       Նատաշա Պողոսյան
 
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up