Արցախը ձեզ հետ է, մեր սիրելի՛ սիրիահայեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/252-300x225.jpg)
Այն օրերից, երբ իրականացրին մեր ազգի մեծամասնության բնաջնջումը, անցել է բավականին ժամանակ: Փրկվածները՝ հոգնած ու թշվառ, հազիվ հասան իրենց հայրենիքի սահմաններից հեռու գտնվող տարբեր երկրներ…
Հայրենիքի հողի վրա համախմբվելու մեր երազանքը, որը խոստանում էին քաղաքագետները, չիրականացավ: Աշխարհի գերտերությունները զոհեցին մեր այդ երազներն ի շահ իրենց շահամոլական նկատառումների… Հայոց մեծագույն մասի ուծացումը հյուրընկալ երկրներում արդեն ընթացքի մեջ էր, մի բան, որ նվազեցնում է պատմական հողի վրա փոխադրվելու և ապրելու հեռանկարը… Իսկ եթե մենք բոլորս Հայաստանում և Սփյուռքում ջանանք պահպանել մեր ինքնությունը, ջանասիրությունն ու դիմացկունությունը, ապա այդ առանձնահատկությունները երաշխիք կլինեն հաջորդ սերունդների ապահով ապագայի համար: Մեր հիշողության մեջ վառ պահենք հզոր թագավորություններ, ծաղկուն գավառներ տեսած Հայոց աշխարհը, որը միշտ կանգնած է եղել արվեստի ու գրականության բարձունքում: Որպես գանձ պահենք մեր ազգային հպարտությունը՝ մեր պետությունն ու պետականությունը:
Մեր հայրենակիցները, հանգրվան գտնելով օտար մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Սիրիան, Լիբանանը,ԱՄՆ-ը և այլ երկրներ, դարձյալ չկարողացան ապրել լիարժեք խաղաղ ու հանգիստ կյանքով, վկան՝ սիրիական պատերազմական գործողությունները, արի պատճառով հայ ժողովրդի մի մասը դարձյալ բռնեց գաղթի ճամփան, պարզապես, ի տարբերություն 1915 թվականի, այսօր մենք ունենք Հայրենիք, որն իր դռները բացեց հայորդիների, իր զավակների առջև:
Ողջո՛ւյն ձեզ սիրիահայեր, ողջույն քեզ հալեպահայ ժողովո՛ւրդ, ողջույն ձեզ մեր հայրենակիցներ. դուք մենակ չեք, փա՛ռք Աստծո, արժանացաք մեր Արցախի մեծ սիրուն ու հարգանքին:
Ողջո՛ւյն ձեզ, հայ մայրեր, ողջույն ձեզ, հալեպահայ քա՛ջ մարտիկներ, ձեզ հետ է ողջ Հայաստանը, Արցախ աշխարհը, մենք աղոթում ենք ձեզ համար, աղոթում ենք, որ Հալեպը վերականգնի իր երբեմնի պերճաշուք տեսքը:
Լուսինե Ներսիսյան, Արցախից, 2016 թվական, հունիս