ՀՀ-ից կոմբայններ կուղարկեն Արցախ՝ բերքահավաքը կազմակերպելու համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/կոմբայն.jpg)
Մայիսի 19-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը փոխնախարար Գևորգ Վերանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:
Ասկերանի շրջվարչակազմում Մխոյանը հանդիպել է շրջանի մեխանիզատորների, հողօգտագործողների և ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայության (ԱԻԾ) շրջանային բաժնի աշխատակիցների հետ՝ քննարկելով բերքահավաքն անկորուստ կազմակերպելու վերաբերյալ հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Գյուղոլորտի ղեկավարի հավաստիացմամբ՝ բերքահավաքը կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկայի խնդիր ևս չի լինի՝ ՀՀ-ից կներգրավվեն կոմբայններ:
Ասկերանի մեքենատրակտորային կայան այցելելուց հետո, Մխոյանն ուղևորվել է Մարտակերտի շրջան, որտեղ իրականացրել է դիտարկում հացազգի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներում:
Աշխատանքային այցն ավարտվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ Ասկերանի տեղամասում, որտեղ նախարարը հանդիպել է կազմակերպության տնօրինության և աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական հարցեր: