«Հայաստանի ամեն մի անկյունը կախարդական է». բուլղարահայ երգիչ
Բուլղարիայում մեծ ճանաչում ունեցող երիտասարդ երգիչ Րաֆֆի Պողոսյանն առաջին անգամ էր գտնվում Հայաստանում: Եկել էր՝ իր պատկերացրած Հայաստանն անձամբ «շոշափելու» և հաղորդակցվելու հայրենակիցների հետ: Րաֆֆին մեկ բառով է արտահայտում հոգում կուտակված ապրումները՝ Հայաստանը դրախտային երկիր է:
«Հայերն այսօրի» զրույցը երգչի հետ ստեղծագործական հաջողությունների, ապագա ծրագրերի և Հայաստան կրկին այցելելու մտադրության մասին է:
-Րաֆֆի, ի՞նչ տպավորություններ ստացար Հայաստան կատարած այցելությունից:
-Հայաստանի մասին միշտ ծնողներս էին պատմում: Նաև հեռուստատեսությամբ կամ ինտերնետային էջերով եմ փորձել տեղեկություններ ստանալ:
Երբ Հայաստան եկա և տեսա մեր երկրի հրաշքները, զգացողություններս աննկարագրելի դարձան: Եղբորս հետ եմ եկել: Միասին շրջեցինք Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերում:
Եղանք Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդում, Գառնիի հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սևանում, Խոր Վիրապում: Իսկ մայրաքաղաք Երևանի մասին ուղղակի խոսքեր չունեմ ասելու:
Ինձ համար Հայաստանի ամեն մի անկյունը կախարդական է: Նման գեղեցիկ ճարտարապետական շինությունների ես դեռևս չէի հանդիպել, անընդհատ նայել, դիպչել էի ուզում:
Ծիծեռնակաբերդում հուզմունքս զսպել չկարողացա: Այնտեղ գտնվելը բոլորովին այլ խորհուրդ ուներ ինձ համար: Հիշեցի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած պապիկիս: Նա Թուրքիայի Բուրսա քաղաքում է ապրել, և 1915 թվականին հազիվ փրկվելով կոտորածից՝ տեղափոխվել է Բուլղարիա: Այդ պատճառով էլ մեր ընտանիքը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում է արմատներ գցել:
-Ինչպե՞ս ստացվեց, որ միայն 23 տարեկանում որոշեցիր տեսնել պապերիդ երկիրը:
-Դեռ փոքր տարիքից ծնողներս ցանկանում էին մեզ Հայաստան բերել, սակայն անընդհատ չէր ստացվում:
Հակառակ այդ ամենին՝ նրանք ինձ ու եղբորս միշտ պատմել են Հայաստանի, հայ ժողովրդի պատմության մասին, իսկ հայերենը չմոռանալու համար հայկական շաբաթօրյա դպրոց են տարել: Ծնողներիս հետևողականության արդյունքում հիմա կարողանում ենք հայերեն գրել-կարդալ: Տատիկս էլ մեծ ներդրում ունի մեր՝ հայ մնալու և Մայրենին չմոռանալու գործում. մինչև հիմա, երբ նրա հետ օտար լեզվով ենք խոսում, բարկանում է և չի պատասխանում ՝ ասելով, թե իբրև չի հասկանում մեզ:
-Րաֆֆի՛ բուլղարական «X factor» նախագծի 2011 թվականի եթերաշրջանի հաղթողն ես հանդիսանում: Ինչու՞ որոշեցիր ուժերդ փորձել երաժշտական այդ նախագծում:
-Որևէ ոգևորություն չունեի մասնակցելու «X factor» նախագծի նախընտրական փուլին: Ընկերներիս խորհրդով մասնակցեցի՝ կատարելով David Lee Roth-ի «Just a gigolo» երգը: Միանգամից արժանացա ժյուրիի հավանությանը, և հաղթանակի դափնին ինձ շնորհվեց: Հաղթելուց հետո հնարավորություն տրվեց «Virginia Records»-ի հետ պայմանագիր կնքել, որը համագործակցում է «Sony Music»-ի հետ: Մեկնելով Լոնդոն՝ հագեցած աշխատանքային գրաֆիկ եմ ունեցել. տարբեր ելույթներ ունեցա, երգեր ձայնագրեցի և տեսահոլովակներ նկարահանեցի: Հաղթելուց հետո համագործակցել եմ նաև բրիտանացի ճանաչված պրոդյուսեր Թրոյ Միլլերի հետ: Ի դեպ, նա էր միասին աշխատելու ցանկություն հայտնել:
–Երաժշտական կրթություն ունե՞ս
-Ո՛չ, մասնագիտությամբ շուկայագետ եմ: Սակայն միշտ երգելու հանդեպ սեր եմ ունեցել: Հիշում եմ, որ ընտանեկան հավաքույթների, դպրոցական հանդեսների ժամանակ երգում էի: Հաճախ նաև աշխարհահռչակ շատ երգիչների էի կրկնօրինակում, ամենից շատ՝ իտալացի օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտիին:
Հաղթանակս ճակատագրական եղավ ինձ համար. լրջորեն սկսեցի երաժշտական կարիերայի մասին մտածել:
Շատ եմ սիրում մեր բոլոր ազգային երգերը, նաև էստրադային կատարումներ եմ լսում: Իսկ Կոմիտասն ինձ համար այլ աշխարհ է: Կոմիտասի երգերը սկսել եմ երգել փոքր տարիքից՝ Բուլղարիայի հայկական եկեղեցու երգչախմբում երգելու տարիներին:
Երբ Մայր Աթոռում Պատարագի ժամանակ կոմիտասյան շարականները լսեցի, ասես՝ հոգուս հոգեհարազատ մեղեդիներ էին հնչում: Մտովի տեղափոխվեցի այդ տարիները:
– Երիտասարդ տարիքում արդեն ճանաչված ես, սիրված: Դժվար չէ՞ արդյոք դիմակայել այդ «ծանրությանը»:
-Դժվար չէ, քանի որ սիրում եմ աշխատանքս: 4 տարի պրոդյուսերի հետ եմ աշխատել: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո արդեն 6 ամիս է, որ միայնակ եմ «գլուխ հանում» գործերիցս: Բնավ չեմ դժգոհում. պրոդյուսերի հետ համագործակցությունից ինձ կաղապարված էի զգում: Միայնակ աշխատելու արդյունքում արդեն 2 նոր երգ եմ ձայնագրել, որոնց տեսահոլովակները նույնպես նկարահանել եմ: Երգերիս մեծ մասի հեղինակը ես եմ:
Այժմ աշխատում եմ նոր ձայնասկավառակիս թողարկման ուղղությամբ: Հուսով եմ՝ մինչև հաջորդ տարի կթողարկեմ այն: Ստեղծել եմ նաև իմ բենդը և շոու բալետը:
Պարբերաբար համերգների մասնակցելու հրավերներ եմ ունենում, որտեղ ելույթ են ունենում բուլղարացի անվանի աստղեր՝ Լիլի Իվանովան, Վասիլ Նայդենովը, Միխայելա Ֆիլևան և շատ այլ ճանաչված կատարողներ:
– Բուլղարիայի հայ համայնքում նշանավոր այլ հայեր կա՞ն և ո՞ր ոլորտից են նրանք:
-Իհարկե կան, և նրանք իրենց ոլորտների գիտակներն են: Այդ մարդիկ բանկային գործունեություն են ծավալում, հեռուսապրոդյուսերներ, գործարարներ և այլ ոլորտի մասնագետներ են: Կառանձնացնեմ բանկիր Լևոն Համբարձումյանի, էստրադային երգիչ Հայկաշոտ Աղասյանի, գործարար Պետո Բողոսյանի, լրագրող Գևորգ Գևորգյանի, երգիչ Վիլլի Կազասյանի և ջազ-երգչուհի Հիլդա Կազասյանի անունները:
Համայնքի ակտիվ անդամներից է նաև մայրս՝ Էլիզաբեթ Պողոսյանը, որը
ՀՕՄ-ի շրջանային վարչության ատենապետն է, ինչպես նաև՝ Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի անդամներից: Նա հայապահպանական տարբեր ծրագրեր է իրականացնում:
-Հայաստանում հեռարձակվող «X factor »նախագծին հետևե՞լ ես:
-Լսել եմ, որ Հայաստանում նույնպես նմանօրինակ նախագիծն է իրականացվում, սակայն գործունեությանը ծանոթ չեմ: Չեմ կասկածում, որ այստեղ նույնպես ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով է կազմակերպվում և իմ հայրենակիցները փայլուն ելույթներ են ունենում:
–Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ ողջ Սփյուռքը ոտքի կանգնեց և սատարեց (և շարունակում է) Հայաստանին, Արցախի բանակին: Իսկ ո՞րն է քո զորակցության խոսքը Արցախին:
-Համայնքում խոսում էին Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակի մասին: Իհարկե, բոլորիս էլ մտահոգում է այն, ինչ կատարվում է Արցախում: Սակայն շատ տեղեկություններ չունեինք: Համացանցի միջոցով էինք հետևում զարգացող իրադարձություններին և չէինք կողմնորոշվում՝ հավատալ, թե ոչ:
Ճիշտ է՝ հեռու ենք ապրում Հայաստանից, սակայն սրտացավ ենք Արցախի, հայ ժողովրդի համար: Շատ ենք տխրում ամեն մի զինվորի, անմեղ մարդկանց մահվան լուրը լսելիս: Կարծես՝ մեր հարազատների մահվան լուրը լսենք: Այդ օարերին, ցավոք, բուլղարական մամուլն էլ պասիվ դիտողի կարգավիճակում էր:
Գիտեմ, որ Բուլղարիայից հայ լրագրող է Ղարաբաղ գալու: Նա ռեպորտաժներ է պատրաստելու՝ ի լուր աշխարհի ցույց տալու համար ողջ ճշմարտությունը:
-Րաֆֆի՛, կրկին սպասե՞նք քեզ Հայաստանում:
-Անպայման նորից Հայաստան եմ գալու: Եվ չի բացառվում, որ համերգ ունենամ Հայրենիքում: Դա արդեն իմ ծրագրերի մեջ է ընդգրկված:
Հայաստան գալը մեկ կարևոր պայման էլ ունի. խորովածն ու հայկական թոնրի անուշաբույր լավաշն եմ ուզում նորից ուտել, որոնք շա՜տ եմ սիրել (ծիծաղում է-հեղ.):
Հարցազրույցը Գևորգ Չիչյանի