Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին հայտնվել է Էրդողանի պատկերը՝ Հիտլերի կերպարով

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը` Ադոլֆ Հիտլերի կերպարով, ըստ Tert.am՝ գրում է The Independent-ը:
Հաղորդվում է, որ նկարիչները թուրք առաջնորդի դիմանկարին ավելացրել են Հիտլերին բնորոշ գծեր` բեղեր և նացիստական ժապավեն: Բացի այդ, պատի վրա հայտնվել է գրառում` «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա ներկայացվել է պրոյեկտորի միջոցով:
Նկարի հեղինակներն են գերմանական Pixel Helper խմբի ակտիվիստները: Իրենց ակցիայով նրանք ցանկացել են դժգոհություն հայտնել Թուրքիայում 2 լրագրողների ազատազրկման վերաբերյալ:
«Մենք` գերմանացիներս, գիտենք՝ ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում: Վաղ նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի միջև նմանությունը վախեցնող է»,- ասել է խմբի անդամներից մեկը:
Նա նաև նշել է, որ Էրդողանը պետք է կանգնեցվի, քանի դեռ չափազանց ուշ չէ: