Ստեփանակերտում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի «Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսը

Մայիսի 9-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս-Արշակ Սիվասլյանի «Հայրեր և որդիներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հեղինակային 100 նկարների ընտրանին ներկայացնում է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը՝ 1992 թվականի ապրիլից մինչև 1994 թվականը և 2016 թվականի ապրիլյան պատերազմը հավերժացրած ակնթարթներ՝ ազատագրական մարտերից և թիկունքի կյանքից: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կայք-էջը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Առաջին այցելուների թվում էին ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Հ.Գ Մաքս Արշակ Սիվասլյանը ծնվել է 1954 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
20 տարեկանից, ֆոտոռեպորտաժներ պատրաստելու նպատակով երկար ժամանակով մեկնել է հեռավոր երկրներ: 70-ական թվականների վերջին և 80-ական թվականների սկզբին նա հիմնականում եղել է Հնդկաստանում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրներում (Բիրմա, Չինաստան, Ֆիլիպիններ): Շրջագայել է նաև Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Թուրքիայում, Հարավային Աֆրիկայում և շատ այլ երկրներում:
1992 թվականի ապրիլին Մաքս Արշակ Սիվասլյանը ժամանել է Արցախ՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը լուսաբանելու նպատակով: Նկարները, որոնք նա նկարահանել է հակամարտության առաջին գոտում, հրատարակվել են “Nouvelle d’Armenie” ամսագրում, ինչպես նաև ֆրանսիական և միջազգային մամուլում: 2001 թվականին նրա նկարները տեղ գտան «Սև այգի, պատմություն պատերազմի մասին» հրատարակչության մեջ: 1994 թվականից առ այսօր Մաքս Սիվասլյանը հանդիսանում է Սփյուռքում շատ հայտնի “Nouvelle d’Armenie” ամսագրի մշտական թղթակից:
2011 թվականին, ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Մաքս Արշակ Սիվասլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: