«Հայորդիք» պարախումբը՝ հերոս հայորդիների հիշատակի առհավատչյա

«Ազգային երգի և պարի խմբի անունը շատ մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, «Հայորդիք» անվանեցի՝ ի հիշատակ ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի և մյուս զոհված տղաների, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի բարօրության: Թաթուլ Կրպեյանի հետ նաև համալսարանական ընկերներ ենք եղել` միասին հանդես գալով «Մարաթուկ» անսամբլում»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Հայորդիք» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը:
1991 թվականին ստեղծելով խումբը՝ ազգային երգերի կատարող, պարուհի Անահիտ Սարգսյանը փորձեց հայկական երգ ու պարի միջոցով շարունակել զոհված ընկերների գործը և վառ պահել նրանց անունը:
Տեղափոխվելով Մոսկվա՝ նա օտարության մեջ ապրող հայ երիտասարդներին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելու և նրանց գիտակցության մեջ հայրենասիրական շունչը պահպանելու նպատակով` 1998 թվականին վերաբացում է խումբը, որի մասին հետևյալն ասաց. «Այնպիսի պարուսույցների մոտ եմ ուղի հարթել, որ իրավունք չունեմ նրանց փոխանցած ավանդը չշարունակել՝ հատկապես, որ օտար հողի վրա եմ գտնվում: Իմ ուսուցիչներն են եղել Օսիկ Շամամյանը. 7 տարի պարել եմ իր «Բարեկամություն» և «Գարուն» խմբերում, ապա պարուսույցս դարձավ Արտյուշա Կարապետյանը, Մգրո Սարգսյանի ղեկավարությամբ «Մարաթուկ» պարի և երգի խմբում եմ երկար տարիներ երգել և պարել, որից հայրենասիրական ոգի եմ ստացել: Նա ինձ շուրջ 300 ազգային երգ ու պարի «ժառանգություն» է տվել, որոնք պետք է փոխանցեմ սերունդներին: Ահա այս ամենն ինձ առաջ մղեց հայապահպան գործունեություն ծավալելու և խումբը արդեն Մոսկվայում վերաբացելու համար»,-ասաց Անահիտ Սարգսյանը:
Խումբը բաղկացած է տարիքային տարբեր խմբերից: Ներկայումս 150 մարդ կա, որից 80 հոգին է բեմ բարձրանում: Խմբի կարգախոսն է՝ խոսե՛լ աշխարհի լեզուներով մեր մեսրոպատառ հայերենից հետո, սովորե՛լ աշխարհի ժողովուրդների երգերը միայն մեր կոմիտասյան երգերից հետո, պարե՛լ աշխարհի ժողովուրդների պարերը մեր քոչարիից և յարխուշտայից հետո:
Ստեղծագործական 18 տարիների ընթացքում խումբը, որը 6 մասնաճյուղ ունի Մոսկվայում և մոսկովյան այլ շրջաններում, հասցրել է շրջագայել ՌԴ, ԱՊՀ տարբեր քաղաքներում և ելույթ ունենալ հեղինակավոր բեմերում: Միշտ տեղի ունեցող կարևոր համերգներին և արարողություններին մասնակցելու հրավեր են ստանում: Իհարկե, անմասն չեն համայնքում տեղի ունեցող բազմապիսի միջոցառումների մասնակցելուց, ակտիվորեն ներգրավվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներին: Խմբում մեծ շուքով են նշվում նաև պետական, ազգային, եկեղեցական տոները, որոնք խանդավառություն են առաջացնում բոլորի մոտ:
«Կարծում եմ՝ մեծ հաղթանակ է, որ պատանիներն ու աղջիկներն իրենց կամքով գալիս են և ցանկություն հայտնում հայկական երգն ու պարը սովորել: Մոսկվայի նման մեգապոլիսում նրանք չեն մոռնում իրենց ինքնությունը և հայկական մշակույթին ծանոթանալու քայլեր են ձեռնարկում: Դա շատ է ուրախացնում ինձ»,-նշեց խմբի ղեկավարը:
«Հայորդիքն» ունի «Հայ ժառանգության պահպանման» հիմնադրամ, որի գործունեությունը հնարավորություն տվեց հետագայում փառատոն կազմակերպել: Փառատոնի կայացումը Անահիտ Սարգսյանը կարևոր ձեռքբերում է համարում: Արդեն երրորդ անգամ իրականացված փառատոնի նպատակն է սփյուռքյան տարբեր համայնքներում գործող պարախմբերի մասնակցությամբ օտարության մեջ ապրող հայերին հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցել, իսկ մատաղ սերնդի հոգիներում՝ ազգային դաստիարակություն սերմանել: Այս տարի փառատոնը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ ապրիլի 17-ին՝ Մոսկվայի «З�?Л» մշակույթի կենտրոնում: Փառատոնը եզրափակվել է մրցանակաբաշխությամբ:
Առաջին տեղ է զբաղեցրել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի «Հայասա» պարախումբը`Մոսկվայից, երկրորդ տեղը՝ Ռուզաննա Հարությունյանի պարախումբը` Սամարայից, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է «Արմսթայլ» խումբը՝ Սանկտ-Պետերբուրգից:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը նույնպես բաժին է հասել «Հայասա» անսամբլին:
Գևորգ Չիչյան