«Արցախահայության իրավունքի նկատմամբ բռնության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/արցախ5.jpg)
Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի երիտասարդությունը դիմել է միջազգային հանրությանը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
«Արցախի երիտասարդությունը, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ գլուխ է խոնարհում 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի բոլոր զոհերի, Արցախի Հանրապետության պետական սահմանների և Արցախի ժողովրդի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի առջև:
Իր երախտիքի խոսքն ուղղելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կառույցներին ու անհատներին, Արցախի երիտասարդությունը հարկ է համարում տեղեկացնել միջազգային հանրությանը, որ 2016թ. ապրիլի 1-5-ը, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի 18-20 տարեկան զինվորների սխրանքի, կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ: Մինչ որոշ երկրներ և քաղաքական գործիչներ հերթական դիվանագիտական հնարքն էին մոգոնում, թե ինչպես ապրիլի 24-ին իրենց ելույթներում շրջանցել «Ցեղասպանություն» եզրույթը՝ Թուրքիային «չվիրավորելու» համար, նույն Թուրքիայի թողտվությամբ ու խրախուսմամբ, իր եղբայր Ադրբեջանը հերթական ցեղասպանության փորձը ձեռնարկեց արցախահայության նկատմամբ, մոռանալով 1988-1994թթ. իր իսկ սանձազերծած՝ էթնիկ զտումների և ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դասերը, մոռանալով, որ իր առջև այլևս անզեն ու պետականությունից զուրկ հայը չէ: Անգամ ամենաժամանակակից ու քանակով գերազանցող սպառազինությունը անզոր գտնվեց հայ զինվորի ոգու և հայ ժողովրդի միասնության դեմ, այն ճշմարտության դեմ, որ «Սրով եկողը սրից էլ կընկնի»:
Արցախի երիտասարդությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու՝ արցախահայության իրավունքի նկատմամբ բռնության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և կոչ է անում միջազգային հանրությանն ու Հարավային Կովկասում խաղաղության պահպանման խնդիրներով մտահոգ բոլոր կառույցներին՝ միավորել ջանքերը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր արկածախնդրությունը սանձահարելու և ռևանշիստական նկրտումները մեկընդմիշտ կասեցնելու նպատակով»,- նշված է Արցախի երիտասարդության դիմումում: