Անթիլիասը Սիսի կաթողիկոսարանի հարցով պատրաստ է դիմել ՄԻԵԴ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Sis-Catholicosate.jpg)
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մտադիր է Սիսի պատմական կաթողիկոսության վերադարձի հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը շարունակի այս գործի քննության ձգձգումը։ Ըստ Armradio-ի` նման մոտեցում է որդեգրվել մարտի 5- ին Ժնեւում այս հայցով զբաղվող իրավական հանձնախմբի հանդիպման ժամանակ։
Քննարկման ժամանակ նշվել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանն իրավասու է որոշել իրեն ուղղված հայցի քննությունը՝ ըստ առաջնահերթության, ուստի չի բացառվում, հաշվի առնելով գործի քաղաքական բնույթը, որդեգրի հայցի քննության ձգձգման քաղաքականություն։ Անթիլիասի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նման դեպքեր Թուրքիայի Սահմանադրական դատարանի պրակտիկայում կան։
Հաղորդագրության մեջ նաեւ հիշեցվում է, որ դատական հայցը ներկայացվել է 2015- ի ապրիլի 27- ին։ «Միջազգային օրենսդրության եւ 1923 թվականի Լոզանի դաշնագրի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է կաթողիկոսարանի կալվածքը վերադարձնել, որպեսզի գործածվի կրոնական պաշտամունքի համար։ Հիշյալ դատաքննությունն արագացնելու նպատակով՝ կաթողիկոսարանի փաստաբանը վերջերս հուշագիր է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով դատական լսումների օր նշանակել։ Եթե Թուրքիայի կառավարությունը կամավոր չվերադարձնի Սիսի կաթողիկոսարանը, կամ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չորոշի վերադարձնել այն, ինչպես նախապես հայտարարել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, հիշյալ հայցը կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի վճիռը Թուրքիան պարտավոր է կատարել»,- ասված է հաղորդագրության մեջ։