ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արժանացել է «Տարվա կին» տիտղոսին.տեսանյութ

Հունվարի 27-ին Գլենդելում գործող «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կազմակերպել էր ամենամյա «Գնահատանքի երեկո» միջոցառումը: Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 200 մարդ, այդ թվում՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ներկայացուցիչ Տեր Խորեն քահանա Բաբոշյանը, համայնքային ներկայացուցիչներ, կրթական խորհրդի, Գլենդելի, Բրբանքի և Լոս Անջելեսի քաղաքապետարանների անդամներ, ամերիկյան դպրոցների տնօրեններ, պատասխանատուներ, կրթական հաստատության ուսուցիչներ, ծնողներ և այլ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօրին»  Գլենդելից տեղեկացնում է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը:

Միջոցառումը սկսվել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերով: Այնուհետև բացման հանդիսավոր խոսքով  ներկաներին է դիմել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը:

Գնահատանքի երեկոյին ցուցադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը:

««Գնահատանքի երեկոյին» պարգևատրվում են այն ուսուցիչները, որոնք անցնող տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց կատարած աշխատանքով: Այս նախաձեռնությունը շատ ենք կարևորում, քանի որ այն ոգևորում է մեր ուսուցիչներին և օգնում աշխատանքին առավել պատասխանատվությամբ վերաբերվել: Ուսուցիչներին պարգևատրելու գործում համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ, քանի որ այն մեզ՝ օտարության մեջ գտնվող մարդկանց համար Հայաստանին կապող ամուր օղակն է: Երեկոյի ընթացքում Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին ուսուցիչներ Աննա Թադևոսյանը, Էսթեր Հակոբյանը և Հիլդա Սարգսյանը»,- նշեց Օֆելյա Ծատուրյանը:

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև կազմակերպություններ, համայնքային կառույցներ, ինչպես նաև տարբեր բնագավառներից նշանավոր անձիք:

«Գնահատանքի երեկոյին» Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների և հայապահպանության,  Սփյուռքի մատաղ սերնդին  հայեցի կրթություն և դաստիարակություն փոխանցելու գործում  ունեցած նշանակալի ավանդի համար «Տարվա կին» կոչումը ստացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Balboa պետական տարրական դպրոցը (տնօրեն՝ դոկտոր Սոնա Առաքելյան) արժանացել է «Տարվա լավագույն դպրոց» անվանակարգին: Այն Գլենդելի ամենամեծ պետական դպրոցն է, որի աշակերտներից շատերը հաճախում են «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատություն՝ մասնակցելու հայոց լեզվի դասընթացներին:

Մրցանակի է արժանացել նաև «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախկին փոխատենապետ Վարդան Կարապետյանը:

Երեկոյի գեղարվեստական մասում ելույթ են ունեցել երգիչ Մարատ Հայրապետյանը, քանոնահարուհի Լիանա Մարտիրոսյանը:Երգուպարով և ասմունքով են ներկայացել նաև կրթական հաստատության սաները:

Միջոցառումն ավարտվել է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության հիմնով, որը կատարել են ուսուցիչները:

Գևորգ Չիչյան

Ophelya1 25

310

678

Scroll Up