Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բխում է քաղաքական խնդիրներից

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Աշխարհի 30-ից ավելի երկրներում, այդ թվում, Հայաստանում, այդ օրը բազմաթիվ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում:
Հայաստանի հրեական համայնքը հունվարի 27-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հիշատակի միջոցառում է կազմակերպելու Երևանում:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս մասին տեղեկացրեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:
«Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս հավաքվելու ենք Հայ ժողովրդի ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված հուշահամալիրի մոտ, ծաղիկներ ենք խոնարհելու` հարգելով միլիոնավոր նահատակված հրեաների հիշատակը»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ հատվածներում տեղի ունեցող իրադարձություններին` Ռիմա Վարժապետյանը նշեց, որ այսօր գլուխ են բարձրացնում նացիստական ուժերը, միգուցե, մոռանալով 20-րդ դարի դաժան իրողությունները:
«Մենք ականատես ենք լինում ցավալի զարգացումների Մերձավոր Արևելքում և այլ երկրներում: Եվ եթե մենք այսօր չասենք «այլեւս երբեք» , ապա չի բացառվում, որ կրկնվեն Հոլոքոստի տարիները»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:
Հայաստանում հրեական համայնքի նախագահի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, ցավոք, 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից, հետագայում` Հոլոքսոտից աշխարհը դասեր չի քաղել: «Շարունակվում են դաժան իրադարձություները: Տեսանք, թե ինչ եղավ Աֆրիկյան որոշ երկրներում, այսօր լարված իրավիճակ է Եվրոպայում: Կարծում եմ, այդ ամենը պետք է նպաստի, որ սթափ մտածող մարդիկ վերհիշեն անցյալը և անեն ամեն ինչ նախկինում ունեցած սև էջերը բացառելու համար»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Իսրայելը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքականության խնդիր կա: «Իսրայելում անցկացված հարցման համաձայն, հասարակության մեծ մասը կողմ է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, շատ ժամանակ քաղաքական գործիչների ու հասարակության կարծիքները տարանջատվում են: Շատ քաղաքական գործիչներ նախընտրական շրջանում ասում են, որ ընտրվելու պարագայում կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց հենց ընտրվում են, այդ մասին մոռանում են»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը: Հրեական համայնքի ներկայացուցիչներն այդ գործընթացում կարևորեցին ժողովրդական դիվանագիտության դերը: