Հարութ Սասունյանն անդրադարձել է Քըրքորյանի կտակի վերաբերյալ հրապարակումներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/144.jpg)
Հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի կտակը գաղտնիության պայմաններում չի պահվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով հայկական մամուլում բարերարի կտակի վերաբերյալ տարբեր հրապարակումներին:
«Պարոն Քըրքորյանը իր ողջ հարստությունը թողել է բարեգործության համար, սակայն որևէ հատուկ անուն չի նշել: Անշուշտ, կա կտակարար, և, երբ կգա ժամանակը, նա կսկսի որոշել, թե որ բարեգործական ընկերակցությանն որքան գումար է հասնելու ու որ ծրագրի համար: Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ հարցեր կան լուծելու, ինչը բավականին ժամանակ կխլի: Հավանաբար, մի տարի հետո կտակարարը կսկսի որոշել», ասել է Սասունյանը: Հարութ Սասունյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, հավելել է, որ խոսքն այս դեպքում գնում է ոչ թե նախկին ծրագրերի շարունակության, այլ նոր ծրագրերի մեկնարկի մասին:
«Նոյեմբերի վերջին Միացյալ հայկական հիմնադրամը վարչության ցանկությամբ փակվեց: Այդ հիմնադրամը, որում ես 26 տարի նախագահել եմ և հիմնադիրն եմ, Հայաստան է առաքել 720 միլիոն դոլարի հումանիտար օգնություն ծովային ճանապարհով և օդանավով: Այդ աշխատանքը դադարեցվել է, և քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի նման օգնության, ես հաջորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, բացել եմ նոր հիմնադրամ, որը կոչվում է «Հայաստան-Արցախ»:
Հիմնադրամը Հայաստանի ժողովրդին կտրամադրի այն ամենը, ինչով հնարավոր կլինի օգնել՝ կլինի դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար խաղալիքներ, գրադարանների համար գրքեր, համալսարանների և դպրոցների համար համակարգիչներ: Նույն բանն անում ենք նաև Արցախում», ասել է Սասունյանը: Նա ընդգծել է, որ առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն նաև սիրիահայերին աջակցելու համար: