2015 թվականի ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքերը

«Հայերն այսօրը» ներկայացնում է ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Գերակա խնդիրները.
1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգում և ծրագրի իրականացում
ՀՀ սփյուռքի նախարարությունը ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքներին: Մասնավորապես, ապահովել է Պետական հանձնաժողովի սփյուռքյան անդամների, տարածաշրջանային հանձնախմբերի նախագահների (ներկայացուցիչների) մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև մասնակցել է անհրաժեշտ տեղեկատվական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստման և տարածման աշխատանքներին (50 երկրում առ այսօր գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային 61 հանձնախումբ):
ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունների աջակցությամբ` տարբեր երկրներում պետական, նահանգային և տեղական կառավարման մարմինների, Սփյուռքի հայկական կառույցների, հասարակական, լոբբիստական կառույցների հետ տարածաշրջանային հանձնախմբերը իրականացրել են համակարգված հետևողական աշխատանք, ինչով մեծապես նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը:
2. Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում
«Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագրի շրջանակում լուծվել են Հայաստանում հաստատված, սիրիահայերի և իրաքահայերի բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ամառային ճամբարներ, տարեմուտի երեկոներ, արևելահայերեն և ռուսաց լեզվի դասընթացներ:
3. Հայոց լեզվի տարածում և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացում, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ
Այս գերակա խնդրի նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ մի քանի ծրագրերի շրջանակներում: «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հայկական համայնքներ է սփռվել հեռուստադպրոցի երեք տասնյակ դասաժամ, շարունակվել է արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ընդլայնման աշխատանքները, Սփյուռքի կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 46 000 կտոր ուսումնական նյութ, նախարարության օժանդակությամբ Սփյուռքում ստեղծվել են 15 նոր մեկօրյա դպրոցներ, կազմակերպվել է «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, կազմակերպվել է «Ապագա» խորագրով երիտասարդական հավաքը, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստում Ավստրալիայում, կրթական տարբեր խնդիրներին նվիրված հեռակոնֆերանսներ և այլն:
4. Համահայկական կառույցների հետ համագործակցության ընդլայնում և զարգացում
2015թ. համահայկական կառույցների հետ կնքվել է համագործակցության 2 համաձայնագիր (ՀՕՄ և «Երկրապահ կամավորների միություն» ՀԿ): Նախապատրաստվում են նաև նոր նախագծեր` առաջիկայում կնքելու համար: Մի շարք կառույցների հետ նախկինում կնքված հուշագրերի շրջանակում ընդլայնվել և խորացել են համագործակցության ծրագրերը: Կնքված համաձայնագրերի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ համատեղ միջոցառումներ:
Գործունեության միջոցառումները.
1. ՀՀ կառավարության 2015թ. մարտի 10-ի նիստի N 11 արձանագրային որոշմամբ հաստատվել է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը:
2. ՀՀ կառավարության 2015թ. մարտի 10-ի նիստի N 11 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 թվականի ծրագիրը:
3. ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 2-ի նիստի N 14 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը: