Ֆրանսուա Ռոշբլուանը քննադատել է Օլանդին Ցեղասպանության ժխտումը պատժելու վերաբերյալ խոստումը չկատարելու համար

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը 20-րդ դարի ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ քննադատել է նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության համար պատիժ նախատեսող օրինագիծ առաջ քաշելու իր վաղեմի խոստումը չկատարելու համար: Նա դրական է արտահայտվել Բուայեի օրինագծի մասին և հիշեցրել է, որ օրենքի ոլորտն ընդլայնվել է, ու առաջարկվում է պատժել ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը, այլև` մարդկության դեմ բոլոր հանցագործությունների:

«Ցավում եմ, որ Հանրապետության նախագահը չի հարգում իր խոստումը, որը տվել էր 2012-ին, երբ թեկնածու էր: Ընդ որում, նա այդ մասին ասել է և′ Երևանում, և′ եվրոպական երկրներում, և′ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող հանձնախմբի մի քանի միջոցառման ընթացքում»,- NEWS.am-ի հաղորդմամբ՝ ասել է պատգամավորը: «Օրենքի նախագիծը սկսում են քննարկել սոսկ տեղական ընտրությունների շեմին, որպեսզի այն օգտագործեն քաղաքական շահաբաժին ստանալու համար: Նման կոնյուկտուրային մոտեցումն անընդունելի է»,- հավելել է Ռոշբլուանը:

Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն նույնպես դժգոհություն և տարակուսանք էր արտահայտել ցեղասպանությունների ժխտողականության դեմ իր կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնության նկատմամբ երկրի կառավարության և նախագահ Օլանդի դիրքորոշման վերաբերյալ:

Scroll Up