«Մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը». Հրանուշ Հակոբյան

Նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովը՝ «Ապագա» խորագրով: Մասնակցում են շուրջ 70  երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից:

Համաժողովի բացման արարողությանը ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ՝ Հայաստանից և Սփյուռքից:

Բացման արարողության սկզբում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ապագային միտված երիտասարդների հիմնախնդիրների մասին ընդարձակ զեկույցով: Նա դիմեց աշխարհի 10 երկրներից ժամանած հայ երիտասարդներին. «Գիտեմ, որ անհատականության ձևավորման փուլում Սփյուռքում հայ երիտասարդի համար առավել դժվար է ազգային ինքնագիտակցության գորրծընթացը, դժվար է ինքնահաստատվել` մնալով հայ և դառնալով իր բնակության երկրի օրինավոր քաղաքացի: Հայ երիտասարդությունը պետք է միավորվի և իր ապագայի տեսլականը, իր ռազմավարությունը կերտի՝ հաշվի առնելով և վերլուծելով աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերները, տարածաշրջանային մարտահրավերները, հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Հայրենիքի և Սփյուռքի հայ երիտասարդության առջև ծառացած մարտահարավերները»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Հայկական Սփյուռքը բազմաբնույթ է, բազմատարր, բազմակարիք ու բազմակարծիք, սակայն ձևավորվել են համազգային առաջնահերթություններ, որոնք ընդունելի են բոլորի կողմից  և որոնց լուծման ուղղությամբ յուրաքանչյուր հայ: «Մասնավորապես երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծմանը, Սփյուռքի ինքնակազմակերպումը, ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը, հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբմանը, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը», -նշեց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հայ երիտասարդության մասնակցության հարցին՝ նախարարն ընդգծեց, որ միջոցառումների բարձր կազմակերպվածությունը վկայեց հայ ժողովրդի բացառիկ միասնականության մասին, համախմբվելու, մեկ ամբողջություն դառնալու մասին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, նշեց, որ Հայաստանի երիտասարդական պետական ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացվում Սփյուռքում հայ երիտասարդության հայրենաճանաչության, հայապահպանության, համահայկական սպորտային, մշակութային կրթական և այլ ծրագրերի իրականացմանը, հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը:

«Հայեցի կրթության և դաստարակության խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքում, որտեղ զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր սերունդները դադարում են խոսել մայրենի լեզվով, ավելանում են խառնամուսնությունները, նվազում են հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը, փակվում են կրթօջախներ, հայապահպանությունը Սփյուռքում Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություն է, համազգային առաջնահերթություն, այն դարձել է առանցքային խնդիր, – նշեց նախարարը՝ կոչ անելով սովորել և պահպանել մայրենին և հայկական ազգանվան –յան մասնիկը:

Անդրադառնալով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառմանը՝ գերատեսչության ղեկավարը նկատեց, որ դրանց արդյունավետ օգտագործումը մեծապես նպաստում է Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչողությանը, համայնքների հետ ավելի սերտորեն գործակցելուն, համայնքներում տեղի ունեցող անցուդարձին և կարևոր  իրադարձություններին տեղեկանալուն, Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելուն:

ՀՀ սփյուռքի նախարարն նշեց, որ Հայկական բանակն անկախության ամենամեծ նվաճումն է, հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը:

Նախարարն ասաց, որ ազգային միասնականության խնդիրների շարքում կարևոր դեր ունի Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդումը: «Հայ ազգը պետք է շատանա, բազմանա և յուրաքանչյուր երիտասարդի պարտքը պետք է լինի, որ իր ընտանիքում ունենա առնվազն 3 երեխա: Մեր ռազմավարական խնդիրներից պետք է լինի հայ ազգի բազմացումը` աշխարհի որ ծեգում էլ լինի: Կարելի է երեք տարին մեկ անգամ հնարավորություն գտնել և միայնակ, ընտանիքով, ընկերներով հանգստանալ հայրենի հողի վրա», – նշեց նա:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովականներին կոչ արեց նախանշել հայ երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիներ, ի մի բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր խոսքում նշեց, որ պատահական չէ, որ համաժողովը կրում է «Ապագա» խորագիրը: «Մեր ապագան մեր երիտասարդներն են: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը շատ հզոր է, հատկապես երիտասարդների շրջանում: Համոզված եմ, որ համաժողովը կտա սպասված արդյունքը,-ասաց նախարարն ու հորդորեց երիտասարդներին զբաղվել սպորտով, առողջ ապրելակերպով,-Դուք պետք է Ձեր օրինակով քաջալերեք, որ մեր մանուկները ևս առողջ լինեն»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունն իրենց գործունեության մեջ նոր փուլ են սկսում, որը շատ համերաշխ ձևով իրականացնում են Սփյուռքի նախարարության հետ: «Երիտասարդնե´ր, ուզում եմ Ձեզ մի խորհուրդ տալ, որքան հնարավոր է շատ օգտվեք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մտավոր բարիքներից, -դիմելով երիտասարդներին ասաց Արամ Սարգսյանն ու հավելեց, -Մենք կարևորում ենք հայրենիքի առջև երիտասարդների պատասխանատվությունը: Հայրենիքը նաև Ձեր միջոցով պետք է հզորանա»:

Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության անունից ելույթ ունեցավ Անի Մխիթարյանը, ով նշեց, որ «Ապագա» համաժողովը մեկ տարվա աշխատանքի արդյունք է, որը բավականին հեռահար նպատակներ է իր առջև դրել: Իսկ առաջնայինը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ երիտասարդների, առաջնորդների շփումն է և համախմբումը հայանպաստ ծրագրերի շուրջ:

Համաժողովը շարունակում է իր աշխատանքները թեմատիկ քննարկումներով:

Հավելենք, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ բացահայտել և համախմբել գիտության, իրավունքի, քաղաքականության, լրագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայազգի ակտիվ երիտասարդների ներուժը և քննարկել նրանց կողմից Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունը, նպաստել մայրենի լեզվի և ազգային ինքնության պահպանմանը, դիմակայել երիտասարդների ուծացման մարտահրավերներին, ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը և համայնք-համայնք կապերը:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 28-ին: Մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

համաժողով3համաժողով2

համաժողովհամաժողով1

Scroll Up