Երկու հայ երիտասարդ հրաշքով են փրկվել Փարիզի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից

Երկու հայ երիտասարդներ Փարիզում նոյեմբերի 13-­ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից:

«Երկու հայ երիտասարդներ «Բատակլան» համերգասրահում էին, սակայն, բարեբախտաբար, ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դրմել ու փրկվել»,-­պատմեց Չոբոյանը:

Նոյեմբերի 13-­ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99­ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան:

Scroll Up