Արա Աբրահամյանը նոր կուսակցություն կհիմնի եւ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշում է կայացրել ստեղծելու կուսակցություն, որի ծրագրերի եւ գաղափարների մշակման ուղղությամբ աշխատում է հսկայական թիմ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ արտերկրից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արա Աբրահամյանն ասաց, որ ներկա դրությամբ նրա նպատակը չէ դառնալ նախագահ կամ վարչապետ, խոսքը ներկա դրությամբ երկրի վիճակը լավացնելու մասին է: «Դուք ինձանից լավ գիտեք, թե Հայաստանին ինչ է հարկավոր, ես ոչ մեկին չեմ ուզում քննադատել, բայց ես չեմ կարող հանգիստ ապրել, եթե իմ հայրենիքում վատ են ապրում: Ամեն ինչ լինելու է օրինականության սահմաններում: Ինձ մոտ 350 իրավաբան է աշխատում: Հիմա իմ մեծ թիմը ծրագրեր է մշակում, նախագծեր կազմում: Կարծում եմ մինչեւ մարտի վերջ ես կհայտարարեմ` մասնակցելո՞ւ եմ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ես չեմ բացառում, որ կարող է լինել նաեւ համագործակցություն այլ կուսակցությունների հետ», ասաց Արա Աբրահամյանը` հավելելով, որ դեռեւս հայտնի չէ եւ իր համար էլ այս պահին երկրորդական է, թե ում հետ է համագործակցելու: Նա ասաց, որ ներկա դրությամբ կարեւորը ծրագիրն է, նախագիծը:
«Ձեզ չթվա, թե ես գործ չունեմ, անելիք չունեմ, դրա համար եմ նման բան նախաձեռնել: Ձեր երեւակայությունը չի բավարարի պատկերացնելու, թե որքան գործ ունեմ անելու», ասաց Աբրահամյանը` հավելելով, որ երեսուն տարվա ընթացքում լուրջ փորձ եւ գիտելիք է ձեռք բերել, ունի հսկայական կապեր աշխարհի բազմաթիվ երկրներում: