Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցին փոխանցվեց հայ համայնքին

Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին հոկտեմբերի 11-ին փոխանցվեց Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Այդ մասին հայտնում է Չեխիայի հայերի «Օրեր» կայքը։
Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները նպաստեցին բանակցությունների ավարտին եւ տվեցին իրենց դրական արդյունքը։
14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգու եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվեց ժամերգությամբ, գոհաբանական աղոթքով։ Ելույթներից հետո կարդինալ Դուկան եկեղեցու խորհրդանշական բանալին հանձնեց Հայր Բարսեղին։ Ներկաներին իբրեւ օրվա հիշատակ բաժանվեցին նաեւ փայտե խաչեր։
Նշենք որ հայերը Պրահայում երբեւէ եկեղեցի չեն ունեցել, բայց վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող Պրահայի կաթոլիկ Սուրբ Յիլիի եկեղեցում։