Տեղի ունեցավ տեսակոնֆերանս Վլադիկավկազի հայ համայնքի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/herakonferans.jpg)
Հոկտեմբերի 9-ին տեսակապ հաստատվեց ՀՀ սփյուռքի նախարարության ևՀյուսիսային Օսիա-Ալանիայի ‹‹Էրեբունի›› հայկական ազգամշակութային ընկերության ներկայացուցիչների միջև, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, նախարարության աշխատակիցներ և Վլադիկավկազից՝ Հյուսիսային Օսիա-Ալանիայի ‹‹Էրեբունի›› հայկական ազգամշակութային ընկերության նախագահ Ասյա Սաֆրոնիդի-Մելիքյանը, տեղակալ Ռազմիկ Մեձերյանցը, ավագանու բաժնի վարիչ Սերգեյ Մուրադյանը, մշակութային, կրթության, կանանց և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բաժինների վարիչները:
Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից՝ Ս. Սրապիոնյանը կարևորեց հայապահպանությունը սփյուռքի համայնքներում՝ որպես առաջնահերթություն, վստահեցրեց, որ սփյուռքի նախարարությունը հնարավորության սահմաններում կանի ամեն ինչ համայնքին օգնելու և սատարելու համար, որպեսզի բնակության երկրում լինելով օրինակելի քաղաքացի, պահպանեն ազգային դիմագիծը»: Փոխնախարարը հանգամանորեն երկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. ծրագրերը, կարևորելով դրանցում Հյուսիսային Օսիա-Ալանիայի համայնքի, հատկապես՝ երիտասարդության ակտիվ մասնակցությունը:
Հյուսիսային Օսիա-Ալանիայի ‹‹Էրեբունի›› հայկական ազգամշակութային ընկերության նախագահ Ասյա Սաֆրոնիդի-Մելիքյանը ներկայացրեց համայնքի խնդիրները, շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարության կողմից առաքված դասագրքերի համար, ներկայացրեց ազգամշակութային ինքնավարության խնդիրները և դիմեց սփյուռքի նախարարությանը՝ աջակցել հայկական դպրոցը համայնքին վերադարձնելու գործում:
Քննարկվեցին Հյուսիսային Օսիա-Ալանիայի ‹‹Էրեբունի›› հայկական ազգամշակութային ընկերության խնդիրները, որոշվեցին համագործակցության և աջակցության հնարավոր ուղիները: