Շվեդիայում ՀՀ դեսպան Մալմյոյում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 6-ից 7-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այց կատարեց Շվեդիայի Սկոնե նահանգի Մալմյո և Լունդ քաղաքներ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հոկտեմբերի 6-ին կայացավ դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Լունդի քաղաքապետ Անդերշ Ալմգրենի հետ։ Քննարկվեցին Լունդի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարները, Լունդի հետ գիտակրթական կապերի ամրապնդման հնարավորությունները։
Այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին քաղաքապետ Ալմգրենը և դեսպան Ապիտոնյանը սկանդինավյան երկրներում գործող հնագույն կրթական հաստատություն հանդիսացող Լունդի կաֆեդրալ դպրոցում կատարեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Լունդի կաֆեդրալ դպրոցի, Շվեդիայի ուսուցիչների միության և Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի համագործակցությամբ:
Դպրոցի օրվա կրթական ծրագիրը նույնպես նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային։ Դասախոսություններով հանդես եկավ Լունդի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք մենագրությունների հեղինակ Կլաս-Յորան Կարլսոնը։ Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց շվեդական լրատվամիջոցների կողմից:
Հոկտեմբերի 7-ին Մալմյոյում դեսպան Ապիտոնյանը համատեղ հանդիպում ունեցավ Սկոնեի նահանգային խորհրդի նախագահ Քրիստինե Ակսելսոնի և Մալմյոյի քաղաքապետ Քենթ Անդերսոնի հետ: Քննարկվեցին Սկոնե նահանգի, և, մասնավորապես, Մալմյո քաղաքի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։ Մտքեր փոխանակվեցին Սկոնե նահանգի զարգացման ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության փորձը Հայաստանում տեղայնացնելու, մշակութային, գործարար և զբոսաշրջային կապերը զարգացնելու վերաբերյալ։
Արտակ Ապիտոնյանը Մալմյոյում հանդիպեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կայացավ մտքերի փոխանակում հայ-շվեդական հարաբերությունների համատեքստում Շվեդիայի հայ համայնքի հետ գործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ։