Մարսելում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վազք-մարաթոն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Մարսել քաղաքում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է 10կմ վազքմարաթոն՝ «Վազել` հանուն հիշողության» նշանաբանով:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության` թեթև ատլետիկայի եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցւյթին մասնակցել են մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի և Ֆրանսիայի եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ սպորտսմեն Արա Խաչատրյանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության և Մարսելի սպորտային մի շարք կազմակերպութունների ավելի քան 500 վազորդներ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը» ուղերձը:
Վազքը մեկնարկել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատի այգում տեղակայված հայկական խաչքարի մոտից: Մասնակիցները, անցնելով Մարսելի գլխավոր պողոտաներով և փողոցներով, Հին նավահանգստով, վերջնագիծը հատել են նորակառույց Միջերկրականի պատմության «Մյուսեմ» թանգարանին հարող հրապարակում, վայր, ուր ժամանել են 20րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը: Մի քանի անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել են ԲուշդյուՌոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Մորիս Դինոսերան, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Հենրի Ժիբրայելը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության պատվավոր նախագահ Պասկալ Շամասյանը, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության նախագահ Տիգրան Հարունյանը և այլք:
Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայկական և ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, բազմաթիվ երկրպագուներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից: