Մուրադ Մալխասյան.«Սփյուռքահայերը նման հանդիպումների միջոցով փարատում են իրենց կարոտը»
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանն օգոստոսի 9-10-ը ելույթներ է ունեցել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:
«Հայերն այսօրի» հետ զրույցի ընթացքում Մուրադ Մալխասյանը տեղեկացրեց, որ հրավերը ստացել է ՀԲԸՄ-ի Ավստրալիայի մասնաճյուղից.«Երբ 2014 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային աջակցություն» ծրագրի շրջանակներում Ֆորշի և Մաշա Մնջոյանի հետ համերգների մասնակցեցի, համայնքը հավանել էր ելույթս և ցանկություն էր հայտնել կրկին ինձ լսելու: Ի դեպ, մեր հայրենակիցների առջև Կանադայի «Անի» պարախմբի հետ եմ ելույթ ունեցել. նրանք ևս հրավիրված էին»,-ասաց երգիչը:
Համերգային ծրագրի առաջին օրը Մուրադ Մալխասյանը շուրջ 500 հայ հանդիսատեսի առջև ութ երգ է կատարել ՝ արժանանալով նրանց ծափողջյուններին ու ջերմ ընդունելությանը: Իսկ երկրորդ օրը՝ հրաժեշտի ճաշկերույթին, ավելի շատ երգեր է կատարել:
Երգիչը մեծ տպավորություններով է վերադարձել Սիդնեյից: Ասում է, որ հայկական համայնքը ընդգծված սեր ունի հայկական երգ-երաժշտության հանդեպ, միաժամանակ նկատել է, որ կազմակերպված և սրտաբաց համայնք է:
Մուրադ Մալխասյանը, կարևորելով նման նախաձեռնությունների կազմակերպումը, հետևյալը նշեց. «Սփյուռքահայերը այս հանդիպումների միջոցով փարատում են Հայրենիքի կարոտը և օտար ափերում չեն մոռանում ազգային մշակույթը: Պետք է տեսնեիք, թե բոլորն ինչպես էին ինձ հետ ոգևորված երգում, իսկ համերգի վերջում խնդրում էին՝ նորից երգել»:
Իր խոսքում Մուրադ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ հայապահպան ծրագրեր իրականացնելու և աշխարհասփյուռ հայրենակիցների համար անչափ կարևոր հանդիպումներ կազմակերպելու համար:
Գևորգ Չիչյան