Հայաստանից ու արտասահմանից 100-ից ավելի ընկերություն գործընկերներ են փնտրում և ճանաչելի դառնում «Արմենիա էքսպո 2015»-ում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Expo.jpg)
Արդեն 15-րդ անգամ անցկացվող «Արմենիա էքսպո» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը Հայաստանում է համախմբել 100-ից ավելի ընկերությունների: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի նախագծի ղեկավար Քրիստինե Պողոսյանը, այս տարվա հիմնական առանձնահատկությունն առաջին անգամ մասնակցող ընկերությունների մեծ թիվն է:
«Շատ ընկերություններ առաջին անգամ են ներկայանում էքսպոյին` կատարելով իրենց բրենդների շնորհանդեսը մեզ մոտ, և, իհարկե, ողջունելի է արտասահմանյան ընկերությունների հետաքրքրվածությունը ցուցահանդեսով: Մասնակիցների մոտ 70 տոկոսը հայկական կազմակերպություններ են` թե’ արտադրող, թե’ ներմուծող: Արտասահմանյան ընկերություններն էլ ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իրանը, Լիտվան, Լեհաստանը, Գերմանիան»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` ասաց Քրիստինե Պողոսյանը:
«Apricot» հուշանվերներ արտադրող ընկերությունը մեկն է ցուցահանդեսի այն մասնակիցներից, որն առաջին անգամ է մասնակցում: Ընկերությունը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող 12 անձ, մասնագիտացված է սառնարանի մագնիսների, հայ մեծերի նկարներով կախազարդերի, նարդիների, մեծ նկարների, փայտե քանդակների պատրաստմամբ:
«Շուտով արծաթագործությամբ էլ կզբաղվենք, մոտ երկու ամսից ևս 10 հաշմանդամ աշխատանք կունենա այդ ոլորտում: Ընկերությունն արդեն երկու տարի գործում է Վանաձորում: Մինչ այդ էլ մոտ 6 ամիս մարդկանց սովորեցրել ենք այս ամենը պատրաստել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը:
Նրա խոսքով` ակնկալում են, որ էքսպոյի միջոցով մարդիկ կճանաչեն իրենց բրենդը: Բացի այդ` իրենք ունեն առաջարկ խոշոր ընկերություններին.կարող են ընկերությունների լոգոների տեսքով սառնարանի մագնիսներ պատրաստել, որը գովազդի արդյունավետ տարբերակներից է: Իրանական «Almas Kavir Jonoob» ընկերությունը «Արմենիա էքսպո 2015»ին մասնակցում է պիստակի ներկրմամբ հետաքրքրվող կազմակերպություններ գտնելու և հայկական շուկայում հայտնվելու համար: Հայկական շուկան էլ նրանց համար գրավիչ է:
«Հայաստանը մեզ հարևան է, ավելի հարազատ երկիր է, ուզում ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ, քան այլ երկրների հետ»,նշեց ընկերության ներկայացուցիչը: Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 2010 թվականին հիմնադրված «Թության» ընկերությունն էլ ցուցահանդեսին ներկայացել է սառը մամլման եղանակով չզտված ձիթայուղերի արտադրանքով: Ընկերության ֆերմերների խմբի անդամ Սամվել Հունանյանի տեղեկացմամբ` կտավատի, ծիրանի, դեղձի, խաղողի կորիզներից, մեխակից, քունջութից, հլածուկից, արևածաղկից ստացվող ձիթայուղերը, լինելով բնական ու օգտակար հատկություններով օժտված, օգտագործվում են կենցաղում որոշ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ժողովրդական բժշկության մեջ` բուժման նպատակով:
Սամվել Հունանյանի խոսքով` փորձում են դուրս գալ Ռուսաստանի, Ֆրասնիայի, Գերմանիայի շուկաներ, ներկայում ընթանում են բանակցություններ: «Նրանց հիմնականում ծիրանի կորիզի յուղն է հետաքրքրում: Էքսպոյի ժամանակ մեզ մոտեցել են Ռուսաստանից, Ղազախստանից գործարարներ, ովքեր հետաքրքրվեցին մեր արտադրանքով, կոնտակտներով ու ապրանքներով փոխանակվեցինք»,ասաց Սամվել Հունանյանը:
Լինելով ունիվերսալ ցուցահանդես՝ «Արմենիա էքսպո 2015»-ն ընդգրկում է էկոնոմիկայի գրեթե բոլոր ոլորտները և հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն գործող կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ:
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալ արդյունաբերական արտադրության ոլորտի վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
15-րդ ամենամյա, տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության հետ համատեղ: