ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն

Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը եւ այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարությունները ասվածի վկայությունն են: Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլեւ տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային եւ հրաձգային զենքերից` հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարեւորության մտահաղացման իրագործում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլեւ դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետեւանքների:

Ելնելով վերոնշյալից` Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների եւ դրանցից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Scroll Up