Արցախում նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 2760 երեխա

Հայկական երկրորդ հանրապետությունում՝ Արցախում, սեպտեմբերի 1­-ը ևս սպասված տոներից է:

«Արմենպրես»­-ի հետ զրույցում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ այս տարի Արցախի 219 դպրոցներ առաջին անգամ ոտք կդնի 2760 փոքրիկ: «Նախորդ տարվա համեմատությամբ, ավելի շատ առաջին դասարանցի ունենք: 2014-­2015 ուսումնական տարում աշակերտների թիվը եղել է 2329: Երեխաների թվի աճը պայմանավորված է «Ղարաբաղյան մեծ հարսանիք»­ով, քանի որ այդ տարի ամուսնացածների երեխաներն այսօր դպրոց են գնում: Իսկ ընդհանրապես Ղարաբաղում ծնելիության աճի տենդենց կա, հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում»,­-նշեց Սլավա Ասրյանը:

2008 թվականին Արցախում միանգամից գրեթե 700 ընտանիքներ կազմվեցին: Հենց այդ ամուսնություններից ծնված երեխաներն արդեն սկսում են դպրոց հաճախել: «Հաջորդ տարի հնարավոր է ավելի քիչ լինեն առաջին դասարանցիները, բայց 2500­ի շեմը կպահպանվի»,­հավելեց նախարարը:

Սլավա Ասրյանի խոսքով, դպրոցները պատրաստ են ընդունել առաջին դասարանցիներին: «Դասագրքերի բաժանման գործընթացն սկսված է: Մեզ մոտ ոչ թե 1-­4-­րդ, այլ 1-­12րդ դասարանի աշակերտներն անվճար են ստանում դասագրքերը` պետության հաշվին»,­-ընդգծեց նա:

Սեպտեմբերի մեկը տոն է նաև արցախցի այն ուսանողների համար, ովքեր առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ: Արցախում կա երկու պետական բուհ` Արցախի պետական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Գործում են նաև երեք ոչ պետական բուհեր:

«Արցախի պետական համալսարանը 474, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը 86 առաջին կուրսի ուսանող կունենա: Մասնավոր բուհերն ավելի քիչ առաջին կուրսեցի կունենան»,­-նշեց ԿԳ նախարարը:

Արցախում հայալեզու առաջին դպրոցն Ամարասի վանքում հիմնել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում բացվել են այլ վանքերին կից դպրոցներ։ Կրթական համակարգը լուրջ վնաս է կրել արցախյան պատերազմի տարիներին, որի ընթացքում ամբողջությամբ այրվել կամ ավերվել է 49 դպրոց, 29 նախադպրոց, հիմնարկ և 50 գրադարան։

ԼՂՀ կրթությունը նոր վերելք է ապրել անկախացումից հետո։ 2006­-2007 ուսումնական տարվանից Արցախի դպրոցներն անցել են 12-­ամյա եռաստիճան միջնակարգ կրթության։

Scroll Up