Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում » գիրքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ճանաչել է հուլիս ամսվա գիրք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիս ամսվա գիրք է ճանաչում շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում»  գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակը հանդիսանում էր գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսը, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար: 

1899թ. գալով Ուրֆա` Յ. Կյունցլերն աշխատանքի է անցնում «Գերմանական առաքելություն Արևելքում»  կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին նա միակն էր, ով ունակ էր բժշկական օգնություն ցույց տալ Ուրֆայի և շրջակա բնակավայրերի բնակչությանը:

Յակոբ Կյունցլերին և նրա կնոջը` Էլիզաբեթին հաջողվում է պատերազմի տարիներին բազմաթիվ հայերի փրկել վերահաս մահվանից:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևալագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահների բողոքական եղբայրության անդամ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Նրա հրավերով 1899թ. Կյունցլերը ևս ժամանում է Ուրֆա` դառնալով Քրիստի օգնականը: Իր մեղմ բնավորության և աշխատասիրության շնորհիվ նրան հաջողվում է լավ կապեր հաստատել Ուրֆայի բազմազգ բնակչության հետ:

Յ. Կյունցլերի համար հատկապես լարված էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Այդ ժամանակահատվածում եղել են պահեր, երբ նա միակն էր, ով կարող էր Ուրֆայում և շրջակայքում բժշկական օգնություն ցուցաբերել: 1914-1918թթ. Յակոբը և հատկապես նրա կին Էլիզաբեթը մեծ թվով հայերի են փրկել վերահաս մահից:

Պատերազմից հետո Կյունցլերն ընտանիքով մեկնում է Շվեյցարիա: Սակայն կարճ ժամանակ անց վերադառնում է Ուրֆա` շարունակելու կիսատ թողած գործը: Շուտով Կյունցլերը սկսում է համագործակցել «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի» (ՄԱՆ) հետ: Երբ 1922թ. ՄԱՆ-ը որոշում է Թուրքիայից այլ երկրներ տեղափոխել հայ որբերին, Կյունցլերն ակտիվ մասնակցություն է ունենում այդ գործում` մինչև նույն թվականի սեպտեմբեր շուրջ 8000 հայ որբեր տեղափոխելով Սիրիա և Լիբանան:

Հաստատվելով Լիբանանի Ղազիր գյուղում` Կյունցլեր ամուսինները ստանձնում են ՄԱՆ-ի որբանոցի ղեկավարումը: Յակոբ Կյունցլերը մինչև իր մահը` 1949թ. հունվարի 15-ը, մնում է Լիբանանում` օգնելով հազարավոր կարիքավոր հայերի:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»:  Գրքերը պատահական չեն ընտրվում: «Ամսվա գիրք» կընտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Scroll Up