Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Բելգիայի խորհրդարանի որոշմանը

Նախօրեին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո, Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նմանատիպ որոշումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ոչ մի կերպ չեն կարող նպաստել,- գրում է ermenihaber.am-ը:
«Խստորեն դատապարտում ենք այս որոշումը, որը պատմական փաստերի խեղաթյուրում է և մեր երկրին ուղղված զրպարտություն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Բանաձեւին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։