Գերմանական արխիվներում Կոմիտասի մասին նյութեր են գտնվել, դրանք կմեկտեղվեն
Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ջանքերով գերմանական արխիվներում սկսվել է Կոմիտասի կյանքին վերաբերող փաստաթղթերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործընթաց: Այս մասին հայտնում է <Երկիր Մեդիա>-ն:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ու Հայաստանի մշակույթի նախարարությունը ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել եւ Հայաստան են բերվել մի քանի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Կոմիտասի՝ Գերմանիայում սովորելու շրջանին: Մասնագետները եղել են նաեւ Լայպցիգի սաքսոնական պետական արխիվում, որտեղ պահպանվում են Եվրոպայի հնագույն երաժշտական հրատարակչատան փաստաթղթերը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը նշել է, որ շարունակվում են գերմանական այլ արխիվներում ձեռագրերի, փաստաթղթերի որոնումները:
«Գերմանական արխիվները շատ են տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմից, ափսոս, որ շատ երաժիշտերի մասին արխիվային փաստաթղթեր այդ տարիներին կորել են։ Հնարավոր է, որ կորել են նաեւ Կոմիտասին առնչվող փաստաթղթեր: Այդուհանդերձ, մենք մեր գործը պարտավոր ենք անել, ստուգել հնարավոր բոլոր արխիվային հանգույցներում»,- ասաց Մհեր Նավոյանը։ «Իսկապես, շատ դժվար աշխատանք է ոչնչացված կամ տուժած արխիվներում 100 տարվա վաղեմության փաստաթղթեր որոնելը: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ գերմանական հետազոտական կենտրոնների հետ համատեղ աշխատանքն արդյունք կտա»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգը։