ԱԺ-ն ընդունել է վարկ ստանալու մասին համաձայնագիրը

Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից 200 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը Ազգային ժողովը երեկ ընդունեց միաձայն` կողմ 98, դեմ` 1, 0 ձեռնպահ: Դեմ էր միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Համաձայնագրով, ինչպես հայտարարել էր Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, Հայաստանը Ռուսաստանից գործարանային գներով ձեռք է բերելու ժամանակակից զենք, սպառազինություն:

Իսկ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով:

Նույն համաձայնագրով, 2018 թ. փետրվարի 15 -ից՝ 10 տարվա ընթացքում, հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, մարել վարկի փաստացի օգտագործված գումարը: Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի մարման վերջնական ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել տոկոսների վճարում `տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

Scroll Up