Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյան. «Կրոն և Հայրենիք…Թո՛ղ անդավաճան մնան այս վեհ գաղափարին մխիթարյան սաները»
Օրերս Ավանում գործող Մխիթարյան կրթահամալիրի սաներն ամփոփեցին ուսումնական տարին: 5 շրջանավարտներ ևս հրաժեշտ տվեցին այս յուրահատուկ կրթօջախին: Առիթն օգտագործելով՝ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է կրթահամալիրի տնօրեն Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանի հետ:
-Հայ՛ր Սերովբե, նախ ներկայացրեք Մխիթարյան կրթահամալիրի հիմնադրման պատմությունը:
-Մխիթարյան կրթահամալիրի հիմնադրման հարցը ոչ միայն Մխիթարյան միաբանության օրակարգում էր, այլ նաև ամբողջ ազգի, քանի որ համոզված ենք՝ Մխիթարյան միաբանությունն ազգային արժեք է: Կրթահամալիրի հիմնադրման գլխավոր հենակետերից մեկը հենց սա էր: 2004-2005թթ. միաբանությունն իր հաջորդականության խնդրի մասին սկսեց լրջորեն մտածել, քանի որ նոր սերունդ չկար այն ժամանակ:
Այս հարցը ներկայացրեցինք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանց օժանդակությամբ էլ հիմք դրվեց այս կառույցի ստեղծմանը: Մեր գործն է գտնել երիտասարդների, ովքեր որոշ լրջություններ ունեն դեպի ուսում, հայրենիք, կրոն և սկսել նրանց հետ աշխատել՝ զարգացնելով այս եռամիասնությունը: Դասընթացները հիմնականում ուսումնական պետական ծրագրերով են իրականացվում: Ամենակարևորն այն է, որ նրանք կամավոր կերպով են ցանկանում մնալ այստեղ: Ընտանիքից հեռու գտնվելով՝շարունակում են կայանալ և հասնել ավարտական դասարան: Ավարտական դասարաններում աշակերտները քիչ թե շատ աշխարհայացք են ձևավորում և որոշում, թե ինչ ուղղությամբ շարունակեն ուսումը: Այդ ընտրության շարքում էլ կարող են նաև հոգևորական դառնալ:
-Մխիթարյան կրթահամալիրում ի՞նչ ծրագրերով են իրականացվում դասընթացները:
-Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել ենք պետական ծրագրերը, որոնցով էլ կազմակերպում ենք դասընթացները: Ուսումնական ընթացքը կազմակերպելիս փորձում ենք խստապահանջ լինել, որն էլ իր հիմնավորումն ունի. կրկնուսույցի մոտ չգնալով, առանց որևէ խնդրի առջև կանգնելու՝ կարողանում են և’ միասնական քննությունները, և’ ավարտելուց հետո ԲՈՒՀ ընդունվելու համար պետական քննությունները հանձնել: Իսկ արդեն տարեվերջում լավ ցուցանիշ ենք գրանցում. գրեթե բոլոր ավարտողներն էլ ցանկություն են հայտնում բարձրագույն կրթություն ստանալ: Նրանցից, անշուշտ, կան նաև հոգևորականի ուղիով գնացողներ: Օրինակ՝ այս տարվա շրջանավարտներից չորս հոգի դիմել են ԲՈՒՀ, միայն մեկն է ցանկացել հոգևոր կրթություն ստանալ:
Այս ամենից բացի, անխոս, աղոթքն իր ուրույն տեղն ունի աշակերտների մոտ, հայ եկեղեցու ժամերգություններին և պատարագներին են մասնակցում, շապիկ հագնում: Կրթահամալիրում շաբաթվա կտրվածքով երկու անգամ գործում են նաև արվեստի, երաժշտության, հայկական-ժողովրդական պարի, նկարչության. փայտագործության, շախմատի և այլ խմբակներ: Ի դեպ, շախմատի դասընթացներին մասնակցելը բոլորի համար պարտադիր պայման է: Մեր նպատակն է երեխաներին այնպիսի կրթություն տալ, որի շնորհիվ բազմակողմանի ընդունակություններ կունենան ապագա կյանքում: Ճիշտն ասած՝ այսքան տարի արդյունքը գոհացուցիչ է եղել:
-Ովքե՞ր կարող են դառնալ այս հաստատության սաները, Հա՛յր Սուրբ:
-Մեզ մոտ սովորելու են գալիս 8-12-րդ դասարանների աշակերտները:
Այդ սահմանագիծն ենք նշել, քանի որ Մխիթարյան կրթահամալիրում սովորողները պետք է կարողանան ընտելանալ այստեղի կյանքին: Դժվար է տնից, ընտանեկան միջավայրից կտրվել և նոր շրջապատին հարմարվել: Տարբեր շրջաններից են գալիս մեզ մոտ ուսանելու՝ Տավուշից, Տաշիրից, Գյումրիից, նույնիսկ՝ Ջավախքից: Այժմ 35 աշակերտ ունի կրթահամալիրը, սկզբում ավելի քիչ են եղել նրանք, բայց ժամանակի ընթացքում աճեց դիմողների թիվը: Յուրաքանչյուր դասարանում միջին հաշվով վեց աշակերտ է սովորում:
-Իսկ դասավանդող ուսուցիչներին ի՞նչ սկզբունքով եք ընտրում:
Մխիթարյան կրթահամալիրում դասավանդում են թե՛ ուսուցիչներ, թե՛ տարբեր համալսարանների դասախոսներ: Նրանք մեծ ուրախությամբ գալիս են դասավանդելու և իրենց տարիների կուտակած փորձը փոխանցելու սկսնակ ուսուցիչներին: Դասախոսների փորձառությունը նաև օգնում է աշակերտներին, որպեսզի անկաշկանդ լինեն և հստակ պատկերացում կազմեն համալսարանական կյանքից: Կան ուսուցիչներ, ովքեր նոր են ավարտած լինում ԲՈՒՀ-ը, բայց ընդունում ենք, քանի որ լավ մասնագիտական որակներ են ունենում: Նման կադրերին մենք թիկունք ենք կանգնում, աջակցում:
-Մխիթարյան կրթահամալիրում Վերջին զանգի տոնակատարությանն ինչպես են պատրաստվում սաները:
-Հունիսի 27-ին տեղի ունեցավ Վերջին զանգի արարողությունը: Այս տարի շեշտը, բնականաբար, դրեցինք Հայոց ցեղասպանության գաղափարի վրա: Ողջ միջոցառումն այդ լույսի ներքո ընթացավ: Աշակերտներն իրենց երախտագիտության խոսքն ասացին ուսուցիչներին՝ երգերի, պարերի, ասմունքի տեսքով: Ապա տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթի արդյունքների ամփոփման և պարգևների հանձնման արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության պարգևները հանձնեց հաղթող ճանաչված սաներին և ողջույնի խոսքով հանդես եկավ:
Վերադառնալով Վերջին զանգի թեմային՝ ասեմ, որ միջոցառմանը հետևում է տարեվերջյան պտույտը Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում: Պտույտի ժամանակ նույնպես նշում ենք սաների՝ կրթահամալիրի ավարտելը և նոր ուսումնական տարուն դրական լիցքերով սպասում: Այդ հանդեսին մասնակցում են ոչ միայն շրջանավարտները, այլ նաև դպրոցի բոլոր աշակերտները:
Ունենք նաև ամառային ճամբարը. հերթափոխով խմբերով հուլիս ամսին ուղարկում ենք ճամբարային օրերն անցկացնելու բնության գրկում: Նրանց են միանում նաև նոր դիմած սաները: Ճամբարային օրերը փոխճանաչության հնարավորություն են տալիս, որպեսզի լավ ճանաչեն միմյանց և ընկերական հարաբերություններ ձևավորեն:
Դրանից հետո օգոստոսին բոլորն իրենց տանն են լինում: Սեպտեմբեր ամսին նոր ընդունված տղաներին մեկ շաբաթ փորձաշրջանով ենք վերցնում կրթահամալիրում: Այդ ընթացքում էլ նրանք հասցնում են որոշում կայացնել՝ արդյո՞ք սովորելու համար ճիշտ տեղ են ընտրել, թե՝ ոչ: Եվ արդեն սեպտեմբերի վերջին հստակ պատկերը երևում է, թե քանի նոր սան ունենք:
Ասեմ նաև, որ կրթահամալիրն ավարտելուց հետո, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր ուղղությամբ կապել իրենց կյանքը, երկու տարի նախապատրաստական դասարանում են սովորում: Ուսման տարիներին նրանք խորացված մասնագիտական առարկաներ են անցնում, հիմնականում՝ հայագիտական առարկաներ և օտար լեզուներ: Հոգևոր գիտելիքները հարստացնելու նպատակով սովորում են ծիսագիտություն, շարականագիտություն, մատենագիտություն, գրաբար և այլ առարկաներ: Գործնական տարբեր մեթոդների կիրառումով ընկալում են, թե որն է կրոնավորի կյանքը:
–Հետաքրքիր է, շրջանավարտները կրթահամալիրն ավարտելուց հետո, կապը պահպանու՞մ են Ձեզ հետ:
-Բոլոր շրջանավարտներն էլ ավարտելուց հետո հիշում են մեզ, կապը, բնավ, չեն կտրում: Պարզ օրինակ ներկայացնեմ: Վերջերս սաներից մեկն անակնկալ մատուցեց մեզ: Նա Հոկտեմբերյանում է ծառայում, արձակուրդ էին տվել մեկ շաբաթով: Մինչև կգնար Իջևան՝ իրենց տուն, եկավ մեզ այցելության: Միասին շրջեցինք դպրոցում, զրույցի բռնվեցինք դպրոցական օրերից, հետո նոր միայն տուն ճանապարհեցինք:
–Որպես Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն, ո՞րն է Ձեր բարեմաղթանքը շրջանավարտներին:
Մաղթանքս է մեր շրջանավարտներին, որ յուրաքանչյուրն իր ընտրած բնագավառում լավագույնը լինի: Ամենակարևորն այնն է, որ չկորցնեն լավ հայ, լավ մարդ լինելու հատկանիշը:
Կրոն և Հայրենիք…Թո՛ղ անդավաճան մնան այս վեհ գաղափարին մխիթարյան սաները: Պատմությանն էլ նայելով՝ տեսնում ենք, որ կրոնը և Հայրենիքը միշտ համընթաց են քայլել իրար հետ: Ինչպես Մխիթար Սեբաստացին էր ասում, մարդիկ կրոնն ու ազգությունն իրենց հոգիներում պետք է արմատապես պահեն, որպեսզի կարողանան դիմագրավել կյանքի բոլոր փորձություններին, և որտեղ էլ լինեն, որպես հայ արժանավայել կյանքով ապրեն:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի