Արամ Ա-ն ցավակցական նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, ԱՄՆ Արևելյան թեմ կատարած այցելության ընթացքում իմանալով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդու` Բո Բայդենի մահվան լուրը, ցավակցական նամակ է հղել փոխնախագահին:

Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նամակի մեջ Վահափառ Հայրապետը նշել է. «Խոր ցավով տեղեկացանք ձեր որդու` Բո Բայդենի մահվան մասին, որը պատահել է կարճատև հիվանդության պատճառով: Երիտասարդի մահը խոր կսկիծ է պատճառել մեզ, կյանք, որի ընթացքում ամբողջական նվիրում է տածել  իր ընտանիքին և հայրենիքին, կյանք, որը կարող էր լեցուն լինել բազմաթիվ այլ իրագործումներով:

Մի քանի շաբաթ առաջ պատիվ ունեցա ձեզ հետ հանդիպելու Վաշինգտոնի ազգային մայր տաճարում, երբ ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջեկեղեցական արարողությանը: Ուզում եմ հայտնել, որ մեր հոգևոր խնամքին հանձնված Ամերիկայի հայ գաղութն իր ցավակցությունն է հայտնում Ձեզ և Ձեր ամբողջ ընտանիքին այս մեծ կորստի համար:

Բառեր չկան, որոնք կարողանան մեղմացնել զավակի կորստի ցավը: Ձեզ պետք է հիշեմ իմ աղոթքների մեջ, որպեսզի մեր տերը և փրկիչը մխիթարի ձեզ: Թող Բոյի ազնիվ հոգին հանգչի հավիտենական խաղաղության մեջ և իր հիշատակը միշտ մնա իբրև Աստծո, հայրենիքի և մարդկության հանդեպ սիրո խորհրդանիշ»:

Scroll Up