Հայկական հարցի վերաբերյալ ժխտողական հոդվածների հերթական ժողովածուն Թուրքիայում

Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային հարցերով կազմակերպությունը հրատարակել է «Հայ-թուրքական հարաբերությունները տարաբնակեցման և վերաբնակեցման 100-րդ տարելիցին» վերնագրով ժողովածու, որտեղ ներկայացված են Հայկական հարցով զբաղվող թուրք ակադեմիկոսների թեզերը:

ermenihaber.am-ը գրում է, որ ըստ թուրքական իշխանամետ «yeniakit» լրատվամիջոցի` գրքում ներկայացվում են 18 հեղինակների տեսակետները հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների առաջացման ու դրանց լուծումների վերաբերյալ:

Գրքում անդրադարձ է կատարվում նաև Օսմանյան կայսրության կողմից 1839 և 1856 թվականներին ընդունված փոքրամասնություններին առնչվող բարեփոխումների ծրագրերին և դրանց ընդունման գործում Եվրոպական պետությունների ունեցած դերին:

Գրքում զետեղված հոդվածներում ներկայացվում են Օսմանյան պետությանը հայերի մատուցած ծառայությունները, սակայն այդ ամենի հետ մեկտեղ խոսվում է նաև հայկական մշակույթում եղած իսլամական «ազդեցությունների» մասին: Չեն շրջանցվում նաև հայկական վրիժառուական գործողությունները` դրանք ներկայացվելով իբրև «ահաբեկչություն»:

Հոդվածների ժամանակագրությունը ներառում է մինչև հայ-թուրքական արձանագրությունների ու այսպես կոչված խաղաղության դիվանագիտության կիրառումը:

Scroll Up