Մայրենի լեզվով խաղալուց լավ բան չկա, իսկ ներգաղթի թեման ինձ օտար չէ.Նորա Արմանի

Մայրենի լեզվով խաղալուց լավ բան չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ճանաչված դերասանուհի, ազգությամբ հայ Նորա Արմանին, որը Հայաստան է ժամանել՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված «Մերսեդես» ներկայացման մեջ խաղալու համար:

«Քո մայրենի լեզվի հետ համեմատած՝ ուրիշ ոչինչ չկա: Այնքան ես խորանում, որ նույնիսկ մտածում ես՝ արեւելահայերեն ես խաղում, թե արեւմտահայերեն: Այդքան կարեւոր է քո մայրենի լեզվով խաղալը: Երբ խաղում ես Սփյուռքում քո մայրենի լեզվով, դժվար թե պրոֆեսիոնալ պայմաններ լինեն քեզ համար. կարող է ինքդ պրոֆեսիոնալ լինես, բայց շրջապատդ պրոֆեսիոնալ չի կարող լինել լեզվի առումով»,- ասաց դերասանուհին:

Նորա Արմանին (Էքսերջյանը) ծնվել է եգիպտական Գիզա քաղաքում, հայկական ընտանիքում: Նրա համար հայրենադարձության, ներգաղթի մասին պատմող «Մերսեդես» պիեսն օտար չէ: Թեեւ ինքն անձամբ չի ներգաղթել, սակայն հիշում է տան մեծ սնդուկը, որտեղ տաք հագուստ էր պահվում՝ մի օր Հայաստան վերադառնալու եւ այնտեղ բնակություն հաստատելու նպատակով:

«Հայաստանի մասին պատմություններն իմ մանկության մի մասն են կազմել: Երբ ես փոքր էի, մեր տանը մի մեծ սնդուկ կար, որի մեջ գուլպաներ, տաք հագուստ կար: Երբ հարցնում էի՝ ինչ է սա, մեծ մայրս ասում էր՝ Հայաստանի համար է: Տատիկ-պապիկս դեռ 1940-ական թթ. ցանկացել են Եգիպտոսից գաղթել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Հետեւաբար, «Մերսեդես» պիեսը ես լավագույնս հասկանում եմ, հերոսուհու ապրումներն ինձ համար տարօրինակ կամ անծանոթ չեն: Լավ դերասանուհին պետք է խաղա ցանկացած դեր, սակայն երբ գիտես՝ ինչ ես խաղում, ավելի լավ է ստացվում ամեն ինչ: Սա պատմություն է արեւմտահայի մասին, լեզուս էլ արեւմտահայերեն է: Այնպես որ շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս դերը»,- նշեց դերասանուհին:

Նորա Արմանին արդեն 3-րդ անգամ է համագործակցում Պատանի հանդիսատեսի թատրոնի եւ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հետ:

Նշենք, որ «Մերսեդես» պիեսի պրեմիերան տեղի կունենա մայիսի 3-ին եւ 4-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հիշեցնենք, որ Նորա Արմանին նկարահանվում է հայ, ֆրանսիացի, ամերիկյան եւ եգիպտական ռեժիսորների ֆիլմերում: Նա կինոյի եւ թատրոնի մի շարք պարգեւներ ունի, Հայաստանի թատերական գործիչների միության պատվավոր անդամ է: Դերասանուհու բազմաթիվ դերեր արժանացել են մամուլի եւ քննադատների բարձր գնահատականին: Նրա ամենահայտնի աշխատանքներից է On The Couch With Nora Armani մոնոներկայացումը, որում Նորան ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը:

Scroll Up