ՌԴ Պետդուման Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել

Ռուսաստանի Պետդուման այսօր ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել:
«Պետդուման իր խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ, ինչպես նաեւ այլ ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների ժամանակ, եւ համարում է, որ պատմության բարդ հարցերը եւ միջազգային վեճերը անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում դիվանագիտական ջանքերով՝ հանուն կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման ամբողջ մոլորակի վրա:
Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիա մայրցամաքը կարող է եւ պետք է դառնա բարդրացիության եւ իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու ստեղծարարության տարածք:
«Դրան հասնելուն նպաստում է բազմակողմ գործունեությունը այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակը մեր ժողովուրդների կայուն զարգացումն է, բարգավաճումը եւ մարդասիրական գաղափարների հաղթանակը»,-ասված է հայտարարության տեքստում, որը ներկայացնում է «ՌԻԱ Նովոստին»: