ՀԲԸՄ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բացառիկ համերգի ուղիղ հեռարձակումը Հայաստանում Փարիզի Շատլե թատրոնից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Համերգ1.jpg)
Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով ֆրանսիայում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո ապրիլի 21-ին, Փարիզի Շատլե թատրոնում, տեղի է ունենալու բացառիկ համերգ:
Համերգի ծրագրում հնչելու են հայ կոմպոզիտորների ու երաժիշտների գործերը՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան: Ելույթ է ունենալու Միշել Պետրոսյանի տրիոն, ընկերակցությամբ նվագախմբի ու երգչախմբի: Կհնչի նաև Մոցարտի Ռեքվիեմը: Ելույթ կունենա Հայկական համաշխարհային նվագախումբը՝ Ալեն Ալթընողլուի ղեկավարությամբ: Երգչախումբն ընդգրկում հայ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության երգչախումբն ու անհատ երգիչներ ու երաժիշտներ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Օրանժ Արմենիայի հետ գործընկերությամբ, 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպում է բացառիկ մի իրադարձության՝ Օպերայի թատրոնի հսկա էկրանին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը Փարիզի Շատլե թատրոնից: Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը, համերգի հեռարձակումը Օպերայի էկրանին կկայանա ժամը 22.00:
Մուտքն ազատ է: