Ավա՜ղ, Գլենդելում փակվում է հայաշունչ մի օջախ ևս…

ԱՄՆ Գլենդել քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գրեթե կողքին ի թիվս այլ խանութների` կա ևս մեկը, որի ցուցանակը, սակայն, տարբերվում է իր բովանդակությամբ, իսկ խանութն ինքը` իր հոգևոր արժեքներով ու դերով:

Մտնում ես ներս, և քեզ անմիջապես համակում է ակնածանք և խոնարհման ցանկություն:

Այստեղ լուռ է ու խորհրդավոր, քանզի քեզ շրջապատում են համաշխարհային, սակայն առաջին հերթին մեր ազգային մեծերը և ասես շշնջում. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Հավանաբար արդեն հասկացաք, որ խոսքը «Պերճ» գրատան մասին է:

Հիմա, երբ խանութը փակելու որոշում է կայացված, երբ այլևս չենք մտնելու այդ հայաշունչ օջախը և այլևս չենք լսելու մեր մեծերի հայրենի բարբառը, սթափվում ես հանկարծ ու մտածում. «Մա՜րդ Աստծո, կարո՞ղ ես ասել, թե դու քանի անգամ ես մտել հայ մշակույթի այդ համեստ տաճարը, գնե՞լ ես արդյոք հեքիաթների գեթ մեկ գիրք` քո զավակին ուրախացնելու համար, ձեռքդ առել և գեթ մեկ անգամ թերթե՞լ ես հայ դասականների հատորներից մեկը, ընտրե՞լ ես արդյոք հայկական նախշերով զարդարուն և Հայաստանից բերված մեկ բացիկ` հարազատիդ տարեդարձը շնորհավորելու ցանկությամբ տոգորված: Առավել ևս երբևէ նույնիսկ մեկ սենթի օգուտ տվե՞լ ես մշակույթի այդ համեստ կենտրոնին` թեկուզ ազգաշահ գործ կատարելու ազնիվ մտադրությամբ: Ավա՜ղ, այսօր ավելորդ է խոսել այդ մասին, քանզի խանութը, ցավոք, շուտով ընդմիշտ հրաժեշտ է տալու մեզ, և մենք ամենքս այդ հարցում ունենք մեղքի մեր բաժինը:

Մտավորականի տիպիկ օրինակ է գրատունը տարիներ առաջ հիմնած, ժամանակի ընթացքում հարստացրած, խանութը պահպանելու համար ամեն ջանք գործադրած տնօրենը` պարոն Պերճ Տեր Սահակյանը: Ո՞վ չի հասկանում, որ գրատունը օգուտով չի աշխատում: Բայց արի ու տես, որ պարոն Պերճը երբեք չի տրտնջացել, նա գոհացել է, երբ կարողացել է հոգալ գոնե խանութը կենդանի պահելու ծախսերը:

Գրքերի նկատմամբ սերը նրա մոտ առաջացել է դեռ Բեյրութում ապրելու տարիներին, երբ հայրը` Ավետիս Տեր Սահակյանը, նույնպիսի տպարան և հրատարակչատուն ուներ, և տղան օգնում էր նրան` իրեն հանձնարարված տարբեր գործեր կատարելով: Հընթացս սովորում էր հայկական միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո կրթությունը շարունակեց նույն այդ դպրոցին կից վեցամսյա հայագիտական դասընթացներում: Այստեղ էր, որ առաջին անգամ ավելի մոտիկից ծանոթացավ հայ մեծ գրողների կյանքին և գործունեությանը և ընդմիշտ կապվեց դրանց հետ: Երբևէ չմտածեց գրատան փոխարեն մթերային, բանջարեղենի կամ հագուստի խանութ հիմնելու և ավելի մեծ շահ ունենալու մասին: Նա ծնյալ մտավորական է, մանկուց գիրք է տեսել, կարդացել ու սիրել, ընտելացել էր նույնիսկ դրանց հոգին, ապրել դրանց մեջ և դրանց համար:

Տարիները գլորվել էին, արծաթով ծածկել Պերճ Տեր Սահակյանի մազերը, բայց հոգին փոխել չէին կարողացել: Նա իր անբասիր գործունեությամբ դարձավ Գլենդելի հայ համայնքի յուրօրինակ խորհրդանիշերից մեկը և շուրջը համախմբեց տեղի ընթերցասեր մտավորականներին:

Օրեր առաջ, ինչպես սովորաբար, մտա պարոն Պերճի գրատունը: Սովորական բարևից, ինչպե՞ս եք, ինչպե՞ս չեքից հետո, հանկարծ իմացա խանութը փակելու մասին ցնցող նորությունը:

Անսպասելի հարվածից շվարեցի: Մի պահ ինձ թվաց, թե եկել եմ մասնակցելու իմ շատ սիրելի հարազատի տեսակցության տխուր արարողությանը: Թվաց` սիրտս դադարեց բաբախելուց: Միթե՞ այլևս չէի մտնելու այդ նվիրական վայրը, որն ինձ համար «հերանց տուն» էր ասես, հայրենիքից պոկված մի բեկոր:

Ինչևէ: Փաստն այն է, որ ավա՜ղ, փակվում է մշակույթի մի օջախ ևս, որն ավելի քան 32 տարի ծառայել է հայապահպանման սրբազան գործին, և մոտ օրերս ընդմիշտ հրաժեշտ ենք տալու նրան: Եվ քանի որ սա դառը իրողություն է, մեզ մնում է հաշտվել եղածի հետ, իսկ պարոն Պերճին մաղթել առողջություն և տոկունություն ամերիկյան կյանքի դաժան պայքարում:

ՌՈՒԲԻՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալակիր

Scroll Up