(Արևելահայերեն) Ցեղասպանությունը վերապրածների զավակները Թբիլիսիում.Թենգիզ Միքոյանց
Թենգիզ Սերգեյի Միքոյանց,
Խաշուրի–Թբիլիսի
Գեղանկարիչ
Պապս՝ Ղուկաս Միքոյանցը, ծնվել է 1899 թվականին, Ջավախքում, իսկ տատս՝ Արևհատ Միքոյանցը, ծնվել է 1912 թվականին, Ղարսում:
Տատիս գլխով անցածը Ցեղասպանությունից փրկված հայ մարդու ճակատագրի պատմություն է.
1915 թվականի «փախեփախի» ժամանակ յաթաղանի զոհ է դարձել Արևատ տատիս ողջ գերդաստանը: Կենդանի է մնացել միայն ինքը՝ 3 տարեկան երեխան: Նա փրկված, բայց որբ մնացած շատ երեխաների հետ հայտնվում է Ամերիկայում, մանկատանը: Այստեղ տատս ապրել է մինչև 13 տարեկան դառնալը: Այդ ժամանակ Հայաստանում սկսում է գործել մի ծրագիր, որի համաձայն երեխա չունեցող հայ ընտանիքները կարող էին որդեգրել փրկված որբ երեխաներին: Եվ, որքան էլ զարմանալի չթվա, երբ մանկատան երեխաներին հարցնում են, թե ով է ուզում Հայրենիք վերադառնալ, իմ 13 տարեկան Արևհատ տատիկը առաջինն է ձեռք բարձրացնում և ցանկություն հայտնում Հայաստան վերադառնալու:
Նրան այլ երեխաների հետ միասին Ամերիկայից ուղարկում են Հայաստան, բայց ճանապարհին, Սոչի քաղաքի Լոոավանի մի հայ ընտանիք, որը երեխաներ չուներ, որդեգրում է Արևատ տատիկիս: Այդպիսով տատս ընդունում է Մադելյան ազգանունը և ապրում այդ ընտանիքում:
Այդ ընտանիքում տատիս հայտնվելուց հետո, շուտով Մադելյան ընտանիքում ծնվում են իրենց սեփական երեխաները. 2 տղա և 2 աղջիկ: Արդեն հասունացած երիտասարդ աղջկան որդեգրած Մադելյան ամուսինները ամուսնացնում են Ախալքալաքի շրջանի չեմ հիշում որ գյուղը:
Պատկերացրեք, Ամերիկայի մանկատանը մեծացած աղջիկը, որ հետո ապրում է Ռուսաստանում, հանկարծ ընկնում է մի հեռավոր գյուղ, որտեղ պայմանները դաժան են, ընտանիքը՝ հետամնաց: Տատս ականատես է լինում միայն ծեծի, վեճի, կռվի, աղքատության…Այդ ընտանիքում տատս դիմանում է 5-7 տարի: Այլևս չտանելով ամենօրյա կռիվները, ծեծն ու ջարդը, նաև այն հանգամանքը, որ երեխա չուներ, ստիպում են տատիս փախչել այդտեղից և նա հայտնվում է Խաշուրի կայարանում:
Այդ ժամանակ պապս՝ Ղուկաս Միքոյանցը, որ կորցրել էր երիտասարդ կնոջը և երկու երեխաների հետ հաստատվել էր Խաշուրիում, աշխատում էր տեղի կայարանում: Տեսնելով կայարանում նստած լացող երիտասարդ կնոջը՝ մոտենում է և հետաքրքրվում, թե ինչու է լալիս….
Վրացերեն ոչ մի բառ չգիտեցող երիտասարդ կինը, հանդիպելով հայ մարդու, անկեղծորեն պատմում է գլխով անցածը և ասում, որ չգիտի, թե որտեղ է գիշերն անցկացնելու: Խղճալով սիրունատես երիտասարդ կնոջը, պապս նրան առաջարկում է իր մոտ գնալ: Այդպես պապս ամուսնանում է տատիս հետ: Տատս մեծացնում է պապիս երկու երեխաներին. Շալիկոյին և Մարուսին:
1941 թվականին ծնվում է հայրս՝ Սերգեյ Միքոյանցը, իսկ 1943 թվականին ծնվում են իմ զույգ հորաքույրները՝ Հայկանուշը և Նվարդը:
Ընտանիքում մեծանում էին 5 երեխաներ, դժվար էր ապրել և տատս էլ պապիս հետ սկսում է աշխատել Խաշուրի կայարանում: Տատս շփվող, մարդամոտ անձնավորություն էր, հայ մարդու հանդիպելիս օգնում էր, մտերմանում: Այդպիսի մի զրույցի ժամանակ Երևան մեկնող մի հայ ընտանիքի անդամներից տեղեկանում է, որ գաղթի ժամանակ փրկված մի խումբ ընտանիքներ ապրում են Լենինականի շրջանի Սառնաղբյուր գյուղում և նրանց մեջ կա մի կին, որը անընդհատ պատմում է իր կորցրած երեք տարեկան աղջկա մասին, որի անունը Արևհատ է եղել: Տատս այդ օրվանից կորցնում է հանգիստը, որոշում է անպայման մեկնել այդ գյուղը և հանդիպել այդ կնոջը:
Շուտով նա գտնում է հրաշքով փրկված իր հարազատ մորը և նրանից տեղեկանում է, որ իր օրիորդական ազգանունը Վարդանյան է:
Ահա այսպիսին է եղել իմ տանջված, բայց խիզախ և գեղեցկուհի Արևհատ տատիկիս պատմությունը: Շարունակելով մեր գերդաստանի ճյուղը, ուղիղ 100 տարի անց, 1999 թվականին ես ունեցա երկվորյակ տղաներ, այնպես որ Միքոյանց ազգատոհմը շարունակվում է: