Հ. Մ. «Սիփան» միութեան Սկաուտական բաժանմունքի միասնական արշաւ
Դպրոցական եւ քննութեան օրերի աւարտից անմիջապէս յետոյ ի՞նչն է աւելի հաճելի, եթէ ոչ ամբողջ օրը անցկացնել բնութեան գրկում՝ երգել, պարել, խաղալ…
Թեհրանի Հայ մշակութային «Սիփան» միութեան Սկաուտական բաժանմունքը, միութեան 50-ամեակին նւիրւած, կազմակերպել էր մէկօրեայ արշաւ՝ «Նայիրի» եւ «Թունեան» տարրական դպրոցների չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանցիների համար՝ «Ռոբաթ» գործարանի շրջափակում:
Արշաւին մասնակցում էին շուրջ 120 աշակերտներ, նրանցից ոմանք սկաուտներ էին եւ ծանօթ այն ամէն ինչին, որ պէտք է տեղի ունենար ողջ օրւայ ընթացքում:
Վաղ առաւօտեան աշակերտները սկաուտ պատասխանատուների, դպրոցների ծնողների եւ «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչի ուղեկցութեամբ ժամանեցին արշաւավայր, այնտեղ նրանց դիմաւորեցին սկաուտ պատասխանատուները, արի եւ արենուշները, որոնք մէկ օր առաջ գնացել էին՝ արշաւավայրը նախապատրաստելու: Արշաւին ներկայ էին նաեւ միութեան բարձրաստիճանաւոր նախկին սկաուտները, ովքեր սկաուտական ներկայ պատասխանատուների հետ կողք կողքի մասնակցեցին տարւող աշխատանքներին:
Արշաւի սկզբում աշակերտները դասարան առ դասարան բաժանւեցին երեք խմբի, ծանօթացան իրենց խմբի պատասխանատուների հետ, այնուհետեւ ամէն խումբ բաժանւեց խմբակների, որոնք ունէին խմբակի պատասխանատու, խմբակի անուն եւ դրօշ: Բաժանումները կատարելուց եւ միմեանց հետ ծանօթանալուց յետոյ աշակերտները խմբակ առ խմբակ պատրաստւեցին՝ նախաճաշելու:
Օրւայ ծրագրի եւ աշխատանքների շարքում նախատեսւած էին ֆիզիկական, հետախուզական, ձեռքի աշխատանք, երգ, ջրախաղ, մրցութիւն դասընթաց-աշխատանքները: Նախաճաշից յետոյ՝ իւրաքանչիւր խումբ անցաւ նախատեսւած աշխատանքների կատարմանը:
Հանգստի ժամից յետոյ՝ խաղերի հերթն էր, որտեղ ջրախաղով օրւայ տաքից զովացան եւ զւարճացան թէ՛ աշակերտները, եւ թէ՛ պատասխանատուները: Իսկ ձեռքի աշխատանքի պահին, օգտւելով արշաւավայրում եղած փայտիկներից եւ քարերից, ով իր ճաշակով զարդարեց իր ծաղկամանը: Ճաշելուց եւ հանգստանալուց յետոյ՝ երգի պահն էր, աշխատանքի ընթացքում երկու երգ սովորեցին:
Վերջին աշխատանքը ծրագրած մրցութիւնն էր: Բոլոր աշակերտները բաժանւեցին վեց խմբերի եւ հետաքրքիր խաղերով մրցակցեցին միմեանց հետ: Մրցոյթից յետոյ, խրախճանք էր, խրախճանքի սկզբում վեցերորդ դասարանի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ներկայացումներ այն ամէն ինչից, որ սովորել էին օրւայ ընթացքում, տղաները բուրգ պատրաստեցին, աղջիկները շրջպար պարեցին, եւ բոլորը միասին «Վերջին զանգ»-ը երգեցին: Եւ որպէս օրւայ յիշատակ՝ բոլոր վեցերորդ դասարանցիները ստացան սկաուտական փողկապ:
Խրախճանքով աւարտւեց օրւայ արշաւը: Աշակերտները եւ սկաուտները հանրակառքերով վերադարձան Սասուն քաղաքամաս: «Սիփան» միութեան մօտ բոլոր ծնողները սպասում էին իրենց երեխաներին, սակայն դեռ մի փոքր համբերել էր պէտք մինչեւ բոլորը միութեան սրահում հրաժեշտի երգը երգելով՝ բաժանւէին՝ միայն ցտեսութիւն ասելով եւ դարձեալ իրար հանդիպելու ցանկութեամբ:
www.alikonline.ir