ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Կոչը Ողղուած Հայ Երիտասարդութեան

Սիրելի հայ երիտասարդներ,

Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում էք աշխարհի տարբեր երկրներում,  մշակութային եւ լեզուական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խօսում են հայերէն, եւ դա հրաշալի է: Ցաւօք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփիւռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խօսում կամ ամենեւին չգիտի հայերէն. եւ դա տխուր իրողութիւն է, որովհետեւ լեզուն մեր ինքնութեան ամենակարեւոր  կռուանն է,  ազգային գոյութեան հիմքը:

Սփիւռքահայ նշանաւոր բանաստեղծ եւ ուսուցիչ Մուշեղ Իշխանը գրել է` «Հայոց լեզուն տունն է հայուն»:   Իսկապէս, մայրենին մեր տունն է, մեր հայրենիքը, մեր  ինքնութեան հիմքը…

2015 թուականը կարեւոր հանգրուան է հայ ժողովրդի համար: Նշելով Հայոց ցեղասպանութեան  100-րդ տարելիցը` մեզանից իւրաքանչիւրն ուզում է իր ներդրումն ունենալ Հայ դատի համար մղուող պայքարում: Այս պայքարում երիտասարդների հիմնական գործը պէտք է լինի մայրենին իմանալը, հայերէն սովորելը` ի խոնարհում 1,5 միլիոն նահատակների յիշատակի,  հազարաւոր անթաղ հայերի ոսկորների առջեւ:

Ուրեմն` սիրելի պատանիներ եւ պարմանուհիներ,

Կոչ ենք անում ձեզ, որ ցեղասպանութեան 100-րդ տարելիցը դառնայ բեկումնային` ձեր մայրենի լեզուն սովորելու առումով, նոր աւիւնով եւ նոր եռանդով տրուէք հայերէն սովորելուն, է՛լ աւելին` հայերէնը ձեզ համար դարձրէք միմեանց հետ շփուելու, միմեանց հետ հաղորդակցուելու հիմնական լեզուն:  Թող դա՛ լինի ձեր հիմնական, իրական ներդրումը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման, համայն հայութեան համախմբման եւ հզօրացման սուրբ գործում:

 Մեծ անգլիացի Պայրոնը բանաձեւել է. «Աստծու հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է»:

Ուրեմն` իմացէ՛ք, խօսէ՛ք եւ յաջորդ սերունդներին փոխանցէք մեր աստուածային հայոց լեզուն:

  ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Scroll Up