Հայաստանն իմ տունն է, ես հրաւէրի կարիք չունեմ…

ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի դահլիճում օրերս կայացած` Վիեննայի Մխիթարեան միաբանութեան 200-ամեակին նուիրուած գիտաժողովին մասնակցում էր նաեւ Մխիթարեան աբբահայր Վահան վարդապետ Յովակիմեանը: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Վիեննայից եմ եկել, սակայն ծնուել եմ Սիրիայում: Փոքր տարիքից արդէն Լիբանանի Մխիթարեան դպրոցի աշակերտ էի :Երեք տարի եմ այնտեղ սովորել, յետոյ 1972-ին գնացել եմ Վիեննա` սովորելու իբրեւ Ժառանգաւորաց դպրոցի աշակերտ:Աւարտելուց յետոյ գնացել եմ համալսարան, սովորել եմ իմաստասիրութեան եւ աստուածաբանութեան գծով եւ ստացել եմ մագիստրոսի տիտղոս:
Համալսարանում, 6 տարիների ընթացքում անցել եմ հոգեւորականի աստիճանները` նոր ընծայութիւն, ժամանակաւոր ուխտ ¥3տարի), կիսասարկաւագ, սարկաւագ, աբեղայ,վարդապետ:
1984-ին ձեռնադրուել եմ Մխիթարեան վարդապետ:Երկար ժամանակ մնացել եմ Վիեննայում, Լիբանանում, Սիրիայում,վերջում դարձեալ վերադարձել եմ Վիեննա:
-Ի՞նչ յաճախականութեամբ էք գալիս Հայաստան, հրաւէրո՞վ էք գալիս…
-Տարին մէկ անգամ գալիս եմ, սակայն ես հրաւէրի կարիք չունեմ. Հայաստանն իմ տունն է:
-Կապուա՞ծ էք Սփիւռքի նախարարութեանը:
-Այո՛, շատ ջերմօրէն եմ կապուած Սփիւռքի նախարարութեանը, որովհետեւ իմ պաշտօնը Վիեննայում եւս դրան է մղում, ինքս էլ Սփիւռքի հայութեան մի մասնիկն եմ:
Հայրենիք-սփիւռք կապը շատ եմ կարեւորում: Սփիւռքի բոլոր հայերը, ովքեր դեռեւս չեն եղել Հայաստանում, գալիս են միաբանութեան վանք, ես նրանց ցոյց եմ տալիս հայկական գանձերը, դպրութիւնը, հայկական ձեռագրերը, որ չմոռանան Հայրենիքը:Նրանք միաբանութիւնում տեսնում են մի փոքրիկ Հայաստան:Վանքով հետաքրքրւում են նաեւ օտարները, բայց ոչ երիտասարդները:Իսկ հայ երիտասարդները ծարաւի են` տեղեկութիւններ ունենալու ներկայիս Հայաստանի մասին:Ես յորդորում եմ նրանց լինել Հայաստանում:
-Հա՛յր Վահան, դասաւանդու՞մ էք համալսարանում:
-Չեմ դասաւանդում:Մի քանի տարի առաջ փակուել է հայագիտական ամբիոնը, բայց հնդեւրոպական լեզուների բաժնի մէջ կայ հայերէն, գրաբար դասաւանդելու ինստիտուտային մի կառոյց:Դասաւանդում է Մեսրոպ սրբազան Գրիգորեանը:
-Հայե՞ր են ուսանողները…
-Ո՛չ, օտարազգիներ են, որոնց հետաքրքրում է այդ ճիւղը:
-Ի՞նչ կասէք գիտաժողովի մասին:
-Շատ եմ կարեւորում այս գիտաժողովը:
Կուզեմ, որ օտարները մեզ աւելի լաւ ճանաչեն, մեր մասին աւելի շատ բան իմանան, որը հայերի համար կը լինի քաջալերանք, նոր սերնդի համար կը լինի խթան, որ նրանք միշտ մտածեն, թէ Մխիթարեանները շարունակւում են:
-Ինչպէ՞ս նշուեց 200-ամեակը Վիեննայում:
-Շատ մեծ շուքով նշուեց հէնց Վիեննայի, աւստրիական կառավարութեան կողմից:Մայիսի 12-ին նշուեց այդ տօնը, մի շարք միջոցառումներ էին կազմակերպուել, դրոշմանիշներ տպագրուեցին:
-Վիեննայում ապրող հայերը ինչքանո՞վ են մօտ կանգնած համայնքին եւ արդեօք մասնակցու՞մ են համայնքի կեանքին, միջոցառումներին:
-Ամբողջ Աւստրիայում կայ 6000-ից աւել հայ, 4500-ը` Վիեննայում:
Հայերը միշտ ձգտում են ապրել մայրաքաղաքում, լաւ աշխատանք ունենալ:
Այդ 4500-ը չեն կարող յաճախել նոյն եկեղեցին:Կան երկու եկեղեցիներ` Հայ Առաքելականը( 3-րդ թաղամասում), միւսը` Հայ Կաթողիկէն` Մխիթարեանների եկեղեցին:Հայերը հաւաքւում են երկու եկեղեցիներում, նշում են հայկական տօները, յիշատակում են Ապրիլի 24-ը, ծիսակատարութիւնների արարողակարգեր են անում, եկեղեցիների սրահներում դասախօսութիւններ են լսում:
-Կարելի է ասել, որ Վիեննայի հայերը համախմբուել գիտեն:
-Այո՛, այդպէս է, նրանք կապուած են համայնքին եւ կարօտն ունեն Հայրենիքի:
Զրուցեց Կարինէ Աւագեանը