Նախագահ Սերժ Սարգսեան Միջազգային Տնտեսական Միասնական Քաղաքականութիւն Իրականացնելու Մասին Հրամանագիր Ստորագրեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան հրամանագիր ստորագրած է Միջազգային տնտեսական համագործակցութեան ծիրէն ներս միասնական քաղաքականութեան իրականացման մասին:

«Ելնելով միջազգային տնտեսական կառոյցների, ինչպէս նաեւ Եւրոպական միութեան հետ Հայաստանի Հանրապետութեան տնտեսական համագործակցութեան շրջանակներում պետական մարմինների գործունէութիւնը համակարգելու եւ ներդաշնակեցնելու անհրաժեշտութիւնից եւ ղեկավարուելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 55-րդ յօդուածի 7-րդ կէտով` որոշում եմ

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութեան մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութիւնը հանդիսանում է գլխադասային մարմին` սոյն հրամանագրի 2-րդ կէտով նախարարութեան համակարգմանը վերապահուած հարցերով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութիւնը համակարգում է`

1) Համաշխարհային բանկի, Արժոյթի միջազգային հիմնադրամի, Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան, ինչպէս նաեւ այլ միջազգային (տարածաշրջանային) տնտեսական կառոյցների եւ միութիւնների հետ Հայաստանի Հանրապետութեան իրաւասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում.

2) Եւրասիական տնտեսական միութեան հետ Հայաստանի Հանրապետութեան իրաւասու մարմինների աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական միութեան միջեւ տնտեսական համագործակցութեան շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան իրաւասու մարմինների աշխատանքները.

4) Եւրասիական տնտեսական միութեան եւ Եւրոպական միութեան հետ իրականացուող տնտեսական քաղաքականութեան ներդաշնակեցմանն ուղղուած` Հայաստանի Հանրապետութեան իրաւասու մարմինների աշխատանքները.

5) Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան գործողութիւնների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.

6) Հայաստանի Հանրապետութեան իրաւասու մարմինների կողմից Եւրոպական միութեան հետ համագործակցութեան շրջանակներում բարեփոխումներին վերաբերող` Հայաստանի Հանրապետութեան պարտաւորութիւններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.

7) Եւրոպական միութեան կողմից տրամադրուող աջակցութեան եւ Եւրոպական միութեան գործիքակազմի շրջանակներում նախատեսուած տնտեսական ծրագրերի իրականացումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութիւնը`

1) Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութեան մարմիններից կարող է ստանալ եւ տրամադրել նիւթեր եւ տեղեկատուութիւն` սոյն հրամանագրի 2-րդ կէտով սահմանուած` նախարարութեան համակարգմանը ենթակայ հարցերի վերաբերեալ.

2) կարող է առաջարկութիւններ ներկայացնել Հայաստանի Հանրապետութեան վարչապետին եւ գործադիր իշխանութեան մարմինների ղեկավարներին` նախարարութեան համակարգմանը ենթակայ հարցերին առնչուող առանձին հիմնախնդիրների քննարկման, լուծման ուղիների առաջարկման, համապատասխան ծրագրերի եւ իրաւական ակտերի նախագծերի նախապատրաստման համար աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերեալ:

4. Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութեան մարմիններին`

1) Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութեան հետ նախապէս քննարկել վերջինիս համակարգմանը ենթակայ հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրուելիք փաստաթղթերը, ինչպէս նաեւ նախարարութեանը գրաւոր իրազեկել սոյն հրամանագրի 2-րդ կէտով սահմանուած` նախարարութեան համակարգմանը ենթակայ հարցերին առնչուող պայմանաւորուածութիւնների եւ դրանց կատարման ընթացքի վերաբերեալ.

2) նախատեսել Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութեան ներկայացուցիչների` ըստ անհրաժեշտութեան ներգրաւումը վերջինիս համակարգմանը ենթակայ հարցերին առնչուող միջգերատեսչական յանձնաժողովների, աշխատանքային խմբերի եւ այլ մարմինների կազմում:

5. Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութեան համակարգմանը ենթակայ հարցերով քաղաքականութեան իրականացման ընդհանուր պատասխանատուութիւնը դեսպանընկալ պետութիւնում վերապահել դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ հիւպատոսական հիմնարկների ղեկավարներին:

6. Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ հիւպատոսական հիմնարկների ղեկավարներին` սահմանուած կարգով ընթացք տալ Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութեան կողմից ներկայացուած հարցերին, աջակցել ծրագրերի իրականացմանը, իսկ արդիւնքների մասին ողջամիտ ժամկէտներում տեղեակ պահել Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների ու արտաքին գործերի նախարարութիւններին:

7. Հայաստանի Հանրապետութեան միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարին` Հայաստանի Հանրապետութեան Նախագահին եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ներկայացնել տարեկան հաշուետուութիւն սոյն հրամանագրի պահանջների կատարման ընթացքի վերաբերեալ:

8. Սոյն հրամանագրի կատարման վերահսկողութիւնը վերապահել Հայաստանի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմին:

9. Սոյն հրամանագիրն ուժի մէջ է մտնում պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրուանիցէ,-ասուած է նախագահի հրամանագրում:

Scroll Up