Բանակի Օրուան Առթիւ ՀՀ Նախագահի Նստավայրին Մէջ Տեղի Ունեցած Է Պարգեւատրման Հանդիսաւոր Արարողութիւն

Հայոց բանակի կազմաւորման 23-րդ տարեդարձին առիթով, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրներով` ծառայութեան ընթացքին ցուցաբերած մարտական բարձր պատրաստուածութեան եւ ակնառու ձեռքբերումներուն համար խումբ մը զինծառայողներ պարգեւատրուած են պետական բարձր պարգեւներով: ՀՀ Նախագահի նստավայրին մէջ այսօր կայացած է պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւն: ՀՀ Նախագահ, զինուած ուժերու գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեան շնորհաւորած է զինծառայողները եւ ազատամարտիկները տօնի ու պետական բարձր պարգեւներու արժանանալու առիթով եւ անոնց ներկայութեամբ Բանակի օրուան առթիւ իր շնորհաւորական ուղերձը յղած մեր հայրենակիցներուն:
***
Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական խօսքը պարգեւատրուածներուն
Յարգելի՛ պարգեւատրուածներ,
Շնորհաւորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու եւ հայկական բանակի օրուայ կապակցութեամբ:
Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալութիւն ենք յայտնում ձեզ ձեր մեծ նուիրումի եւ հայրենանուէր ծառայութեան համար:
Այսօր պարգեւներ ենք յանձնում, ցաւօք, նաեւ յետմահու: Փա՛ռք նրանց յիշատակին: Կարծում եմ` որեւէ մէկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:
Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինուած ուժերի իրականացրած առաքելութեան կարեւորութեան մասին, դրա նշանակութեան եւ բարդութեան մասին: Բայց նաեւ խօսում ենք մեր զինուորականների անձնուիրութեան ու հերոսականութեան մասին:
Եւ ինչպէս արդէն աւանդական է դարձել, Բանակի օրուայ առթիւ իմ շնորհաւորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանաւորների առջեւ, ինչպիսիք այսօր ներկայ են այս դահլիճում: Թոյլ տուէք այսօր եւս նոյնկերպ վարուել:
***
Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Բանակի օրուան առիթով
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Բանակի օրուայ կապակցութեամբ:
Մեր երկրի եւ ժողովրդի համար բանակն աւելին է, քան պարզապէս պետական կառոյց: Հայոց բանակը բառացիօրէն ամէն օր եւ ամէն գիշեր պաշտպանում է մեր կեանքը` շատ յաճախ մարտի բռնուելով մեր հայրենիքի հանդէպ ոտնձգութիւններ կատարող ելուզակների դէմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետեւ բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տուել: Այսպէս կոչուած «դիվերսիաների պատերազմը» նոյնպէս տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնութիւնն արդէն ակնյայտ է նոյնիսկ նրանց համար, ովքեր մեզ անուանում են «թշնամի»:
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարում մեզ` հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանութեամբ` հայասպանութեամբ: Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարուածը պետականօրէն մշակուած եւ յաջող իրականացուած ցեղասպանութիւն էր: Նաեւ գիտակցում ենք, որ նման ծրագիր կարող էր իրականացուել միայն
հայկական պետականութեան բացակայութեան պայմաններում:
Այսօր` այս տօնական օրը, դժուար հասկացողների համար ես մէկ անգամ եւս յայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կեանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականութեամբ եւ բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնուազն 100 տարով:
Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարուած դէպքերը մեր այսօրուայ բանակի հետ: Արդեօ՞ք, որեւէ մէկի հիւանդ ուղեղում կայ Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլեւ հարեւան երկրի բարձրաստիճան պաշտօնեաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարաւոր բարձրախօսներից: Ըստ նրանց` ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, եւ այդ հողերը ենթակայ են այսպէս ասած` «ազատագրման»: Մենք շատ լաւ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանութեան թիրախները:
Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք` Արցախի ազատ ապրելու իրաւունքը չի քննարկւում: Վերջակէտ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր բանակը ձեւաւորման օրուանից, երբ դեռեւս պաշտօնական անուանում էլ չունէր, թրծուել է պատերազմի կրակների մէջ: Նա ծնուել է որպէս մեր ժողովրդի ապրելու եւ ազատագրուելու կամք, որպէս նրա յոյսերի, իղձերի եւ անմահութեան առհաւատչեայ:
Նման հզօր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի առթիւ: Մեր զինուորականներին մաղթում եմ անփորձանք ծառայութիւն, իսկ մեզ բոլորիս` խաղաղութիւն: