«Հայաստանի անկախութեան 20 տարին վերջին հազարամեակում մեր ազգի ամենաբարձր ձեռքբերումն է»
Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակից,Կալինինգրադի մարզի տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարութեան նախագահ Ֆելիքս Գէորգեանի հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
-Մեր տարածաշրջանային ինքնավարութիւնը ստեղծուել է հայ գիտատեղեկատուական մշակութային կենտրոնի հիմքի վրայ: Կալինինգրադի մարզում գործող բոլոր հայկական հասարակական կազմակերպութիւնները, 2004 թուականին միաւորուելով, յուշագիր են ստորագրել ու ստեղծել ինքնավարութիւն: Այն մեր համայնքի ղեկավար օրգանն է: Եւ գիտէք, հետաքրքիրն այն է, որ ի տարբերութիւն սփիւռքի միւս համայնքների, մենք մէկ միասնական կառոյց ենք:
Մեր համայնքը իւրայատուկ է նաեւ նրանով, որ այստեղ բոլոր ազգերը, նոյնիսկ ռուսները նոյն, հաւասար հիմունքներով են ապրում, քանի որ Կալինինգրադը գրաւեալ տարածք է: Նաեւ նշանակութիւն ունի, որ այն եւրոպական տարածք է: Մեծ է հայերի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում: Կ’ալինինգրադի ղեկավարութեան խոստովանութեամբ` բժշկութիւնը այստեղ ոտքի է կանգնել հայերի շնորհիւ:
-Ի՞նչ խնդիրներ, դժուարութիւններ ունէք
-Խնդիրներն ու դժուարութիւնները նոյնն են ամէնուր: Լեզուի պահպանումը գերխնդիր է: Կան նաեւ խառն ամուսնութիւններ: Ի հարկէ, դրանք կտրուկ նուազեցին, երբ ստեղծուեց երիտասարդական կազմակերպութիւնը: Այսօր պարի համոյթ ունենք, “ուրախների եւ հնարամիտների ակումբ”, “ինչ, որտեղ, երբ” գիտունիկների խումբ:
Երկու մէկօրեայ դպրոց ունենք` 7 դասարանով, Կալինինգրադում եւ Ուլեանովոյ հայաշատ գիւղում` ռուսալեզու եւ հայալեզու ուսուցմամբ: Դպրոցը նաեւ նախադպրոցական խումբ ունի ու 2 դասարան 18-60 տարեկանների համար, որտեղ կարդալ, գրել եւ խօսել են սովորում:
Ի հարկէ ամենամտահոգիչը երիտասարդութեան վաղուայ խնդիրն է, հայապահպանութիւնը եւ ուծացման վտանգը կանխելը: Հայերը հեշտութեամբ են ինտէգրւում բնակութեան երկրում, յաջողակ են թէ՛ ուսման մէջ, թէ՛ բիզնեսի: Կարելի է ասել, որ համարեա բոլոր ասպարէզներում մեր հայրենակիցները առաջատար, երբեմն էլ գլխաւոր դիրքեր են զբաղեցնում:
Մեր համայնքը երեք շերտից է բաղկացած: Առաջինը մինչեւ 80-ական թուականները այստեղ հաստատուած ծովայինների ու զինուորականների սերունդներն են: Երկրորդ ալիքը Բաքուի ու Սումգայիթի ջարդերից յետոյ է եկել, եւ վերջապէս, երրորդ ալիքը`ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ, ծանր տարիներին այստեղ եկածներն են: Նրանց մի մասը որոշ ժամանակ անց տեղափոխուել է այլ երկրներ: Վերջին տասնամեակում համայնքը համեմատաբար կայուն է: Հայրենադարձուողներ էլ կան: Տարեկան 2-3 ընտանիք վերադառնում է Հայաստան:
-Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի անկախութեան 20 տարին
-Հայաստանի անկախութեան 20 տարին վերջին հազարամեակում մեր ազգի ամենաբարձր ձեռքբերումն է, որովհետեւ նոյնիսկ Բագրատունեաց թագաւորութեան ժամանակ մենք անկախութիւն չենք ունեցել: Բարձր եմ գնահատում այն փաստը որ պետականութիւն ունենք իր բոլոր ատրիբուտներով` սահմանադրութեամբ, բանակով:
Դարեր շարունակ ձգտել ենք դրան, մեր ազգը արարող ազգ է, եւ մեր ամենամեծ արարումը անկախութիւնն է: Որպէս պետութիւն` միանշանակ կայացել ենք, անկախ դժուարութիւններից ու խնդիրներից: Փաստը` մեր հայոց բանակը, որը Անկախութեան առհաւատչեան է:
Անկախութեան ձեռքբերումներից մէկն էլ Սփիւռքի նախարարութեան գոյութիւնն է: Հայաստան-սփիւռք գործակցութեան նոր ժամանակագրութիւն է ստեղծուել: Առաջ Սփիւռքն այդքան մօտ չէր Հայաստանին, մի տեսակ անհասանելի ու անհասկանալի բան էր հայաստանցիների համար: Չգիտէինք, թէ ինչով է ապրում, ինչ խնդիրներ ունի:
-ի՞նչ ակնկալիքներ ունէիք Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովից, արդարացա՞ն արդեօք ձեր սպասումները
-Այս համաժողովը ձեռքբերում էր: Աւելի գործնական, եւ հարցերն աւելի իրատեսօրէն էին քննարկւում: Բարձրացուած բոլոր հարցերն ու խնդիրները առաջադրւում էին հաւատով ու վստահութեամբ, որ կայ մի մեխանիզմ, մի պետական կառոյց, որն ի զօրու է աջակցել, օգնել բարձրացուած հարցերի լուծմանը: Երկուստէք են հարցեր առաջադրուել, եւ արդէն սկսուել է երկխօսութիւն: Սկսուել է մի գորընթաց, որն անընդհատ պիտի զարգանայ եւ շարունակուի: Կարեւոր է Սփիւռքի համակարգումը, հորիզոնական կապերի ստեղծումը: Շատ երկրներում գոյութիւն ունեցող համայնքներն ու ազգային կառոյցները կապ չունեն միւս երկրների նման կառոյցների հետ: Այժմ կայ կապող օղակ` Սփիւռքի նախարարութիւնը: Յաջորդ քայլը համայնքները միմեանց հետ կապելն է, տեղեկատուական շտեմարանի ստեղծումը:
Համաժողովի բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին առաջին հերթին այս տեղեկատուի ստեղծումը, որը պէտք է անընդհատ աճի, զարգանայ: Հորիզոնական կապեր ստեղծելով` կ’ունենանք ամուր եւ միաձոյլ Սփիւռք, որ դառնայ իրօք Հայաստանի շարունակութիւնը: Հայաստանին պէտք է հզօր Սփիւռք, որ Հայաստանի հետ դառնա միասնական օրգանիզմ: Հիմքերը դրուած են, շատ լաւ են դրուած, եւ ես դա ասում եմ դրսի աչքով: Միայն այն փաստը, որ շաբաթուայ մէջ մի քանի անգամ հեռախօսով կապւում եմ նախարարութեան հետ, խորհրդակցում, նշանակում է, որ մենք մենակ չենք, անտէր չենք:
Եւ վերջում անկեղծօրէն ասեմ` ամէն ինչով հանդերձ` կ’ուզենայի տուն վերադառնալ, Հայաստան…
Զրուցեց Կարինէ Բաբաջանեանը