Գործարար Եւ Բարերար Նազ Ատիկեանը Նշեց Գործունէութեան 30ամեակը

Գլենդելի Բրենդ եւ Հարվըրդ հատուածում Դեկտեմբերի չորսը սովորականից աւելի լուսաւոր էր ու շքեղ. քաղաքի սիրուած խանութ-սրահներից՝ «Լը Փափիյոն»ի տիրուհին նշում էր գործունէութեան 30ամեակը: Ոսկեայ զարդերի դիզայներ Նազ Ատիկեանն իր աշխատանքները տարիների ընթացքում ներկայացրել է սեփական խանութ-սրահներում, որոնք առանձնացել են իւրայատուկ ոճով՝ լինելով առաւել արուեստի կենտրոններ: Վերջին տարիներին Գլենդելի կենտրոնում գործող «Լը Փափիյոն» սրահն էլ բացառութիւն չէ. այստեղ ներկայացուած հանրայայտ դիզայներական տների՝ «Մըքքենզի ընդ Չայլդզ», «Մայքլ Արամ», «æէյ Սթրոնգուոթըր», «Լալիք», «Օսքար Դէ Լա Ռենտա» ոսկեայ զարդերը, սպասքը, կահոյքն ու կենցաղային իրերը՝ կիրառական լինելով հանդերձ, աչքի են ընկնում իրենց ուրոյն ոճով: Այս մասին կը հաղորդէ «Ասպարէզը»:

 

«Լը Փափիյոն»ը նաեւ սիրուած սրահ է յաճախորդների համար՝ Նազ Ատիկեանի ջերմ ընդունելութեան եւ առանձնայատուկ մօտեցման շնորհիւ: Գեղեցիկի նկատմամբ սէրը Ատիկեանին օգնել է ստեղծելու միջավայր, որտեղ իւրաքանչիւրը կարող է գտնել նախընտրածը: Այստեղ յաճախ կարելի է հանդիպել սիրուած արուեստագէտների, ովքեր «Լը Փափիյոն»ում ծանօթանում են դիզայներական նորոյթների:

Դեկտեմբերի 4ին, «Լը Փափիյոն»ում գեղեցկութեան իւրատեսակ տօն էր, որը նշելու համար հաւաքուել էին Նազ Ատիկեանի բարեկամները, արուեստագէտներ, հասարակական գործիչներ, յաճախորդներ, ովքեր տարիների ընթացքում դարձել են լաւ ընկերներ: Յատուկ հիւր էր ԱՄՆի Արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Յովնան արք. Տէրտէրեանը: Նազ Ատիկեանի աշխատանքի արդիւնքը երախտագիտութեան եւ շնորհաւորական բազմաթիւ ուղերձներն ու մաղթանքներն էին՝ ձեռնարկին ժամանած շուրջ 300 հիւրերի կողմից:

«Մենք գնահատում ենք ձեր ներդրումն ու ջանքերը Գլենդելի համայնքին մատուցած գերազանց ծառայութիւնների համար», քաղաքապետ Զարեհ Սինանեանի անունից «Լը Փափիյոն» խանութ-սրահին շնորհակալական հաւաստագիրը՝ յաջողութեան մաղթանքով, յանձնեց Լիլի Աւագեանը:

«Շնորհաւորում եմ Նազին եւ հպարտ եմ նրա յաջողութիւններով: Հիանալի մարդ լինելով, Նազը նաեւ որպէս հայ կին կարողացել է տարիների ընթացքում յաղթահարել բազմաթիւ փորձութիւններ եւ յաջողել գործարար աշխարհում՝ շնորհիւ բարձրորակ սպասարկման, յաճախորդների հետ յարաբերութիւնների եւ գործնական հմտութիւնների», նշեց «Քասթըմ Ֆլորալզ Էնդ Լայֆսթայլ» ծաղկային ճանաչուած ընկերութեան հիմնադիր Էդդի Զարաթցեանը:

 

Նազ Ատիկեանն աշխատանքին զուգահեռ մշտապէս ծաւալել է բարեգործական գործունէութիւն: «Նազը Ոսկրածուծի դոնորների հայկական գրանցամատեան կազմակերպութեան նուիրեալներից է եւ խորհրդի անդամ: Տարիներ շարունակ նա անձնուիրաբար ֆինանսական եւ բարոյական օգնութիւն է տրամադրել, կազմակերպել է մեր դրամահաւաքներն ու ձեռնարկները: Նա շատ առատաձեռն, աջակցող եւ սրտացաւ անձ է, ում մաղթում եմ նորանոր յաջողութիւններ», իր խօսքում նշեց կազմակերպութեան նախագահ Ֆրիդա Ջորդանը: Նշենք, որ նուիրատուութիւնների ու աջակցութեան համար, Նազ Աթիկեանը Դեկտեմբերի 3ին մեծարուել է եւ պարգեւի արժանացել Յովնան արք. Տէրտէրեանի կողմից:

Յոբելեանական առիթը նշանաւորուեց նաեւ մէկ այլ ձեռնարկով՝ Նազ Աթիկեանն ու «Մըքքենզի ընդ Չայլդզ» հանրաճանաչ ընկերութեան ներկայացուցիչը պաշտօնապէս ամրագրեցին համագործակցութիւնն ու ներկայացրին այս դիզայներական տան նոր հաւաքածուն՝ կտրելով ժապաւէնը: «Նազը հիանալի անձնաւորութիւն է, վստահելի գործընկեր եւ ճաշակով դիզայներ: Առաջին անգամ ծանօթանալով նրա հետ, հասկացայ, որ լաւ գործարար է, այնուհետեւ բացայայտեցի նաեւ նրան որպէս արուեստագէտի, բարերարի, համայնքին նուիրուած մարդու, ով կարողացել է իր սրահում ստեղծել այնպիսի միջավայր, որը նաեւ ներշնչանքի աղբիւր է գնորդի համար: Սրանք այն յատկանիշներն են, որ մեր ընկերութիւնը կարեւորում է, եւ շատ ուրախ ենք, որ Գլենդելում ունենք նման գործընկեր», նշեց «Մըքքենզի ընդ Չայլդզ» եւ «Ջէյ Սթրոնգուոթըր» հանրայայտ ընկերութիւնները ներկայացնող «Աւրորա Բրենդզ»ի վաճառքի գծով տնօրէն Մարք Բերգադոնը:

«Խորհուրդս է, որ իւրաքանչիւր մարդ անի այն, ինչ իսկապէս ցանկանում ու սիրում է, եւ այդ դէպքում յաջողութիւնն ապահոված է», իր բանաձեւը ներկայացրեց Նազ Ատիկեանը:

Scroll Up