Հերմէսը` Հայաստանի Ու Արցախի Մանուկների Համար

Բեւերլի Հիլզի Պետրոսեան պանդոկում Նոյեմբերի 12ին հայկական մշակոյթի ու ֆրանսիական նորաձեւութեան միաձուլման իւրատեսակ երեկոյ էր. համաշխարհային նորաձեւութեան ամենահեղինակաւոր տներից՝ Հերմէսի թողարկած «Երեւանի տառեր» (Lettres d’Erevan) անուանումով մետաքսեայ թիկնոցներն առաջին անգամ ներկայացուեցին Միացեալ Նահանգների արեւմտեան ափում:

Հայոց այբուբենը ներկայացնող Հերմէսի այս նախաձեռնութիւնը նուիրուած է Պրոտեստանտ Ֆրանսիա-Հայաստան Սօլիդարիթի (Solidarit՛e protestante France-Armeni՛e-(SFPA)) բարեգործական կազմակերպութեան 25րդ տարեդարձին: Սահմանափակ քանակով արտադրուած թիկնոցների վաճառքի ողջ հասոյթը տրամադրուելու է SFPA-ի՝ Հայաստանում իրականացուող մարդասիրական եւ մշակութային ծրագրերին:

«Երեւանի տառեր» թիկնոցը ձեւաւորել է Կարէն Պետրոսեանը՝ իր ստեղծագործութիւնը ձօնելով Մեսրոպ Մաշտոցին ու Մատենադարանին: Կարմիր եւ սպիտակ գունային ֆօներով մետաքսի վրայ հայկական տառերը ներկայացուած են հին ձեռագրերի ոճով: Մէջտեղում, զարդարուած կամարի ներքոյ, խորհրդածող իմաստունի պատկեր է, ով ձեռքում բռնել է գիտութեան գործիքները՝ գրիչ ու բաց գիրք:

«Չափազանց ուրախ եմ, որ այս թիկնոցների միջոցով SFPAը կը կարողանայ շարունակել Հայաստանում մարդկանց օգնելու իր ծրագրերը», իր ուղերձում նշում է Հերմէսի գեղարուեստական ղեկավար Պիեր Ալեքսիս Դումասը, ով էլ մտայղացել է թիկնոցների ստեղծումը:

«Ամէն տարի Հերմէսը որեւէ բարեգործական կազմակերպութեան հետ ստեղծագործական նախագիծ է իրականացնում: Այս տարի, նրանք ընտրել էին մեզ եւ նպատակն էր արուեստի միջոցով ներկայացնել հայկական ինքնութեան տարրերից: Արուեստագէտ Կարէն Պետրոսեանը սիրով արձագանգել էր Դումասի առաջարկին, «Պետրոսեան խաւիար»ի սեփականատէր Արմէն Պետրոսեանն էլ ցանկութիւն յայտնեց աջակցել թիկնոցների՝ հանրութեանը ներկայացնելու հարցում: Սա մեզ համար իսկապէս մեծ պատիւ է, քանզի մեր կազմակերպութիւնը փոքր է եւ ծրագրերն իրականացնում է սահմանափակ միջոցներով՝ դրամահաւաքների շնորհիւ: Այս նախագծի արդիւնքում մենք կը կարողանանք շարունակել Հայաստանի եւ Արցախի մանուկների համար մեր բարեսիրական տարբեր ծրագրերը», Ասպարէզի հետ զրոյցում նշեց Պրոտեստանտ Ֆրանսիա-Հայաստան Սօլիդարիթի բարեգործական կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Քլեմենտ Հելիխ Փրաքինը:

ԱՄՆ Արեւմտեան ափում Հերմէսի թիկնոցների ներկայացումը կազմակերպել էր ամերիկահայ Սիլվա Էլմէջեանը:

«Ասպարէզում կարդացի Հերմէսի նախաձեռնութեան մասին, եւ մտածեցի, որ լաւ կը լինէր ամերիկահայ համայնքին ներկայացնել թիկնոցները: SFPAի ղեկավարներն էլ, Արմէն Պետրոսեանն էլ սիրով արձագանգեցին ինձ, եւ այսօր հնարաւոր դարձաւ այս գեղեցիկ երեկոն: Հերմէսի բարեսիրական նախաձեռնութիւնն ի բարօրութիւն Հայաստանի է, եւ կարծում եմ, որ իւրաքանչիւրս պէտք է աջակցենք այս ծրագրին», նշում է Սիլվան, ում ջանքերի շնորհիւ էլ հայ համայնքը առիթ ունեցաւ տեսնելու եւ պատուիրելու Հերմէսի թիկնոցներից:

Պետրոսեան պանդոկում հիւրընկալուել էին համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ, ովքեր իրենց հիացմունքն արտայայտեցին թիկնոցների վերաբերեալ:
«Շատ գեղեցիկ է հայկական այբուբենն ունենալ նման նուրբ մետաքսի վրայ, որը կարող ես կրել թէ՛ որպէս զարդ, թէ՛ շրջանակել որպէս արուեստի գործ եւ հպարտօրէն փոխանցել սերնդէ սերունդ», նշեց հիւրերից Ալիս Չաքրեանը: Նազ Բաշիկեանն էլ իրադարձութիւն է համարում փաստը, որ Հերմէսն անդրադարձել է հայկական թեմայի. «Միաժամանակ յուզիչ է, որ թիկնոցներից ստացուած գումարներով օժանդակութիւն կը տրամադրուի հայ մանուկներին»:
«Պետրոսեան խաւիար»ի փոխնախագահ Արնօ Թիեֆրին էլ պատմեց, որ թիկնոցներն օրեր առաջ ներկայացուել են նաեւ Նիւ Եորքի Պետրոսեան ռեստորանում:

«Ուրախ ենք նման ձեռնարկներ կազմակերպել եւ աջակցել բարեգործական կազմակերպութեանը: Մեր հիւրերն այսօր լաւ ժամանակ են անցկացնում մեզ մօտ, միաժամանակ՝ օգտակար լինելով իրենց հայրենակիցներին: Մասնակցէք եւ աջակցէք», հանրութեանը յորդորեց Թիեֆրին:

Նշենք, որ Երեւանի տառեր (Lettres d’Erevan) թիկնոցներն արտադրուելու են սահմանափակ քանակով եւ արժէքն է 370 եւրոյ: Թիկնոց կարելի է պատուիրել այցելելով SFPAի կայքէջ` http://www.spfa.bigcartel.com/
Տեղեկանք: SFPAը հիմնադրուել է 1990թ.-ին Փարիզում, Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից յետոյ՝ մասնաւորապէս մանկատներին, կարիքաւոր երեխաներին ու տարեցներին օգնելու նպատակով:
Տարին երկու անգամ այս կազմակերպութիւնը կազմակերպում է բացայայտման նպատակ ունեցող ուղեւորութիւններ` Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին իրազեկելու նպատակով: Հերմէսը երկրորդ անգամ է, որ համագործակցում է բարեգործական այս կազմակերպութեան հետ՝ տասը տարի առաջ ստեղծուել էր Հայկական Այգիներ (Les Jardins d’Armeni՛e) թեմայով թիկնոց:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

asbarez.com

hermes9 hermes14 hermes43 hermes52 hermes83 hermes114

Scroll Up