Պատմական Ակոռի գյուղի հին հայկական գերեզմանատունն ավերվել է գանձ որոնողների ձեռքով

Իգդիրի մոտ գտնվող Ակոռի (ներկայիս անվանումով՝  Յենի Դողան-Վերածնված) գյուղում հայկական հին գերեզմանատունը գանձ որոնողների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո ավերվել է. հանգուցյալների ոսկորներն այս ու այն կողմ են թափված, տեղեկացնում է Dicle լրատվական գործակալությունը:

1800-ական թվականներին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս գյուղը փլվածքի տակ էր մնացել, սակայն հետո փլատակների վրա նոր գյուղ է կառուցվել և վերանվանվել է Յենի Դողան:

Արարատի փեշերին գտնվող և տուրիզմի առումով հետաքրքիր այս գյուղը` պատմական Ակոռին, հայերի ամենահին բնակավայրերից է համարվում:

Անտերության մատնված գերեզմանատան որոշ գերեզմաններ փորված են, ոսկորները ցիր ու ցան են եղել: Պատմական գյուղի միակ վայրը, որը փլատակների տակ չի մնացել երկրաշարժի ժամանակ, եղել է հենց այս գերեզմանատունը:

Հիմնականում քրդաբնակ այս գյուղի բնակիչները չեն հասկանում, թե այն ինչու վերահսկողության տակ չի վերցվում և ցանկանում են, որ պետությունը տեր կանգնի հարյուրավոր տարիներ առաջ այս հողերում ապրածների պատմությանը:

Scroll Up