Էդուարդ Նալպանտեան Նախագահներու Հանդիպումը Բնորոշած Է Իբրեւ Կառուցողական, Օգտակար Եւ Անկեղծ
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալպանտեան Times.am–ի հետ զրոյցին անդրադառնալով Փարիզի մէջ երէկ տեղի ուենցած հանդիպման, ըսած է, որ ինքը այն կը բնորոշէր իբրեւ կառուցողական, օգտակար եւ անկեղծ:
«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետութեան Նախագահ Ֆրանսուա Օլանտին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ Փարիզում հանդիպում կազմակերպելու նախագահների մակարդակով: Վերջին երեք ամսուայ ընթացքում սա արդէն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման վերաբերեալ, եւ դա ցոյց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիւ ջանքերը` ուղղուած հիմնախնդրի կարգաւորմանը: Այդ կոնտեքստում էր նաեւ այսօրուայ հանդիպումը Փարիզում»: Այս մասին, ինչպէս կը տեղեկացնէ Times.am-ը, գիշերը յայտարարած է ՀՀ արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան:
«Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնութիւնները, որոնք ուղղուած են հանդիպումների կազմակերպմանը յատկապէս ամենաբարձր մակարդակով, որոնք հնարաւորութիւն են տալիս կողմերին աւելի լաւ ծանօթանալու մօտեցումներին իրար եւ հնարաւորութիւն է փնտրելու մօտեցնել դիրքորոշումները», – ըսած է նախարարը, կը գրէ Artsakhpress-ը:
«Այսօրուայ հանդիպումը ես կը բնորոշէի որպէս կոնստրուկտիւ, կառուցողական, օգտակար եւ անկեղծ: Այս հանդիպման ընթացքում քննարկուեցին բազմաթիւ հարցեր, որոնք վերաբերւում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը եւ նաեւ վստահութեան ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկուել էին դեռ Ֆրանսուա Օլանտի կողմից իր այցելութեան ժամանակ տարածաշրջան` Մայիս ամսին եւ որոնք ողջունուել էին նաեւ եռանախագահների կողմից: Մեր մօտեցումները նոյնն են ինչ որ եռանախագահների մօտեցումներն են: Այդ կարգի վստահութեան միջոցառումները կարող են լաւ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար բանակցային գործընթացում: Ատրպէյճանի մօտեցումը մի փոքր այլ է: Իրենք այլ ծայրից են, այսպէս ասած, մօտենում, որովհետեւ կարծում են, որ առաջընթացը բանակցութիւնների կարող է պայմաններ ստեղծել վստահութեան ամրապնդման միջոցառումների համար: Բնականաբար, դա մի փոքր տարբեր մօտեցում է, բայց դա յայտնի մօտեցում է, ինչը որ եղել է նաեւ նախկինում:
Այսօր հանդիպման ընթացքում նաեւ հնարաւորութիւն եղաւ նախագահների, քննարկելու նաեւ այլ հարցեր, որոնք վերաբերւում են տարածաշրջանային , միջազգային խնդիրներին, որոնք բաւական հետաքրքիր քննարկումներ էին, որոնք ցոյց տուեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի եւ Ատրպէյճանի մօտեցումները կարող են նաեւ մօտ լինել», – շեշտած է ԱԳ նախարար Էդուարդ Նալպանտեան: