Դիլիջանի Միջազգային Դպրոցը Պաշտօնապէս Բացուեցաւ

Նախագահ Սերժ Սարգսեան այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մորան Մօր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտօնական այցով Հայաստանի հանրապետութիւն գտնուող Սերպիոյ Հանրապետութեան Նախագահ Տոմիսլաւ Նիկոլիչի, Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի եւ դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիւ հիւրերու հետ այսօր մասնակցած է Դիլիջանի միջազգային դպրոցի բացման:
Հայաստանի Հանրապետութեան մէջ միջազգային չափանիշներուն համապատասխանող կրթական համալիրի` Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման ու գործարկման բերած ակնառու աւանդի, Հայաստանի Հանրապետութեան կրթութեան բնագաւառի զարգացման եւ միջազգային գիտակրթական համագործակցութեան նպաստելու, կրթական ծրագիրներու իրականացման գործին մէջ ներդրած նշանակալի աւանդի, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներուն մէջ ներդրած անձնական մեծ աւանդի համար դպրոցի ծրագիրը կեանքի կոչած խումբ մը մարդիկ ՀՀ նախագահի հրամանագիրներով պարգեւատրուած են Հայաստանի Հանրապետութեան մետալներով: Ձեռնարկին ժամանակ Հանրապետութեան Նախագահը շնորհաւորած եւ յանձնած է ՀՀ պետական պարգեւները:
***
Նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողութեան ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ, հիւրեր,
Այսօր բոլորիս համար տօնական եւ ուրախալի օր է: Այս արարողութեամբ պաշտօնապէս բացւում է «Աշխարհի միացեալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում աւելի շատ յայտնի է որպէս «Դիլիջանի միջազգային դպրոց»:
Ես շուրջբոլորս նայելով` ասում եմ` երանի այն երեխաներին, որ սովորելու են այստեղ: Եւ սա իսկապէս ինձ համար շատ մեծ եւ կարեւոր միջոցառում է: Եւ ոչ միայն այն պատճառով, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացուած ծաւալուն միջազգային ներդրումային ծրագրերից մէկն է: Երբ Ռուբէնն առաջին անգամ ինձ հետ խօսեց այս ծրագրի մասին, նա ինձ անմիջապէս վարակեց այս ծրագրի խիստ անհրաժեշտ լինելու իր համոզման ուժով: Կարծում եմ, այստեղ հաւաքուածներից շատ քչերը գիտեն, որ ծրագրի սկիզբն այնքան էլ բարենպաստ չէր: Աւելի ճիշտ` կարող էր թուալ, որ բարենպաստ չէր, բայց մենք թիմ ունէինք, ովքեր համոզուած էին այս դպրոցի անհրաժեշտութեան մէջ եւ կարողացան այնպէս անել, որ Ռուբէնը եւ իր ընկերները կասկած չունենան մեր ցանկութեանհետ կապուած:
Սա մի ծրագիր էր, որ այլ դէպքերում կարող էր անհասկանալի թուալ. մեծ ներդրում է, բայց շահոյթ չի հետապնդում: Մեր, ցաւօք սրտի, շահերով առաջնորդուող դարում մարդկանց աչքերը յաճախ սեւանում են մեծ գումարներից ու շահոյթ ստանալու մոլուցքից:
Բայց յուրախութիւն բոլորիս ո՛չ Ռուբէնը, ո՛չ Վերոնիկան, ո՛չ այս ծրագիրը հովանաւորած մարդիկ այդպիսիք չեն: Եւ չափազանց կարեւոր է, որ այս ծրագիրն իրականացնելու առաջարկը համընկաւ Հայաստանի ապագայի շուրջ մեր ռազմավարական նպատակադրման հետ:
Մենք չենք պատրաստում որեւէ մէկի հետ մրցակցել բնական պաշարների եւ սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որեւէ տեղ անվերջ լինել չի կարող` դրա հնարաւորութիւնները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետեւողականօրէն զարգացնելու ենք մարդկային կապիտալը` օգտուելով մարդու ստեղծագործական բոլոր հնարաւորութիւններից: Հայերի ուսումնատենչութիւնը, ստեղծագործական տաղանդը, գործարար յաջողութիւնները միշտ եւ ամէնուր հիացմունք են առաջացրել: Եւ եթէ որեւէ բնական պաշար անխուսափելիօրէն սպառուելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկւում:
Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թէ նաւթով, գազով, խաւիարով, այլ մատենադարանով, «Թումօ» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եւ հէնց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ աւելի վստահ ենք
զգալու:
Եւ այս դպրոցի մէկ կարեւորագոյն յատկանիշն էլ միջազգային լինելն է: Մեր պատմութիւնը եւ ներկան ապացուցում են, որ հայկական տաղանդի լաւագոյն բացայայտման համար անհրաժեշտ է ամէնալայն համաշխարհային համատեքստ: Հայաստանը փոքր է հայերի համար: Մենք երբեք չենք պարփակուել մեր սեփական սահմանների մէջ եւ չենք պարփակուելու: Մենք պէտք է բաց լինենք աշխարհի հանդէպ, մշտապէս ընդօրինակենք, տեղայնացնենք եւ զարգացնենք ամէն մի առաջադէմ նորոյթ:
Ի հարկէ, ուրախալի է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում հաւաքուել է լուրջ մասնագէտների մի շատ լաւ թիմ աշխարհի տարբեր երկրներից եւ դա հարստացնելու է ոչ միայն այս դպրոցի աշակերտներին, այլեւ նոր հնարաւորութիւնների դուռ է բացելու մեր երկրի համար: Դպրոցն իր գաղափարախօսութեամբ քարոզում է յաւիտենական ու բարի արժէքներ` իր յարկի տակ միաւորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եւ այդ փոխըմբռնման եւ համերաշխութեան մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:
Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականալի թուալ կամ շատ տարօրինակ թուալ: Ես անկեղծօրէն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաեւ ատրպէյճանցի ուսանողներ: Եւ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այդ օրը գայ հնարաւորինս շուտ:
Սիրելի՛ բարեկամներ,
Այս դպրոցն իրականութիւն դարձնելու գործում միաւորուել էին մասնաւորի եւ պետութեան ջանքերը: Եւ սա ամէնալաւ առիթն է, որպէսզի ես խորին շնորհակալութիւն յայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որեւէ կերպ մասնակցել են այս դպրոցի կայացման գործում: Ի հարկէ, առաջին հերթին Ռուբէն Վարդանեանը եւ Վերոնիկա Զոնաբենդն են, Գագիկ Ադիբէկեանը, Օլէկ Մկրտչեանը, Վլադիմիր Աւետիսեանը եւ շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որպէսզի իրենց անունը հնչի: Ես խնդրում եմ նրանց էլ ծափահարէք:
Ռուբէ՛ն եւ Վերոնիկա՛, մենք, իրօք, երախտապարտ ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կա՛մ ֆինանսական միջոցներով, կա՛մ իրենց բարի խօսքով, կա՛մ ձեզ ոգեւորելու առումով մասնակցել են այս, չեմ վախենում այդ բառից, պատմական կառոյցի կայացմանը: Եւ մենք ձեզնով հպարտ ենք:
Ես շնորհաւորում եմ բոլորիս մէկ անգամ եւս այս հոյակապ օրուայ` դպրոցի բացման առիթով, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցին մաղթում եմ բարի երթ:
Եւ ուզում եմ դպրոցին երկու գիրք նուիրել, որ շատ խորհրդանշական են: Սրանք այն գրքերն են, որտեղ ամփոփուած են մեր պատմական յուշարձանների մեծ մասի մասին տեղեկութիւններ. Լուվրում եւ Վենետիկում կայացած ցուցահանդէսների գրքերն են:
Շնորհակալութիւն: