Ղրիմում մենք մեզ հիւր չենք համարում

Անցեալ տարի Ղրիմի «Մասեաց աղաւնի» հանդէսը Սփիւռքի լաւագոյն լրատուամիջոցներից մէկն էր ճանաչուել ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից: «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է հանդէսի գլխաւոր խմբագիր Վահան Վերմիշեանիհետ:

-Պարո´ն Վերմիշեան, ինչպէ՞ս էք հաստատուել Ղրիմում:

– 1993 թուականին Ղրիմահայոց ընկերութիւնից հրաւէր ստացայ աշխատելու Ղրիմում: Այն ժամանակ ընկերութեան նախագահը Անոյշաւան Դանիէլեանն էր, ով յետագայում դարձաւ Արցախի վարչապետը: Ընտանիքով տեղափոխուեցի Ղրիմ: Մտադիր էի չորս տարի աշխատել եւ վերադառնալ, բայց մինչեւ հիմա այնտեղ եմ:

Ինձ հրաւիրելու հիմնական նպատակը «Մասեաց աղաւնի» հանդէսի լոյսընծայումն էր:

Յիշեցման կարգով ասեմ, որ «Մասեաց աղաւնին» հրատարակել է Գաբրիէլ Այվազովսկիին դեռեւս 1885 թուականին, նախ Ֆրանսիայում, այնուհետեւ Թէոդոսիայում: Գաբրիէլ Այվազովսկու մահից յետոյ ամսագիրը, որը նաեւ «Ծիածան» մանկական հաւելուածն ունէր, դադարեց հրատարկուել:
1993 թուականից այդ աւանդոյթները շարունակում ենք: Ի հարկէ դեռեւս 1990-92 թուականներին է վերսկսուել հանդէսի հրատարկումը եւ 12 համար է թողարկուել, բայց պարբերաբար հանդէսը սկսեց հրատարակուել 1993 թուականից:

1993 թուականին Ղրիմի հեռուստապետկոմում բացեցինք ռադիօյի հայկական խմբագրութիւն եւ առաջին հաղոդումը կոչեցինք «Առաքեալ լոյսի»:
Ռադիօ-հեռուստատեսային հաղորդումների հիմնական ուղղուածութիւնը ազգապահպանութիւնն է եւ դրան զուգահեռ` ղրիմահայոց կեանքը լուսաբանելը:
Այսօր հայկական ռադիօյի խմբագիրը Ռուշան Փիլոսեանն է, ով 1994 թուականին փոխարինեց ինձ, երբ ես, որպէս գլխաւոր խմբագիր, տեղափոխուեցի հեռուստատեսութիւն:

Հայաստանի Հեռուստապետկոմի կողմից գործուղուած երեք մասնագէտների եւ մեր օգնութեամբ հեռուստատսութիւնում բացուեց հայկական «Բարեւ» ծրագիրը, որը մինչեւ այժմ էլ գործում է:

Կեանքն այնպէս դասաւորուեց, որ ես ընդունեցի Օդեսայի հայկական համայնքի առաջարկն ու երեք տարի աշխատեցի Օդեսայում: Յետոյ նորից վերադարձայ եւ շարունակեցի իմ աշխատանքը եւբ հեռուստատեսութիւնում, եւբ թերթում: Ես Ղրիմում ստացել եմ վաստակաւոր լրագրողի կոչում:

– Պարո´ն Վերմիշեան, մի փոքր պատմէք «Մասեաց աղաւնի» հանդէսի մասին, ի՞նչ միջոցներով է այն հրատարակւում:

–  Ղրիմի հայերը, ինչպէս Ղրիմում ապրող թաթարները, բուլղարացիները, գերմանացիներն ու յոյները, համարւում են բռնագաղթուած ժողովուրդ: Այս առումով «Բռնագաղթուած ժողովուրդների տեղաւորման եւ նրանց մշակութային զարգացման» պետական ծրագիր կայ: Այս ծրագրի հաշուին մենք ստանում ենք հանդէսի տպագրական ծախսերի գումարը: Մնացածն արւում է զուտ էնտուզիազմի շնորհիւ:

Մշակութային հանդէս է, եւ քաղաքական հարցերին չենք անդրադառնում: Մեր հիմնական նպատակը հայերին հայ պահելն է:
Հանդէսը լոյս է տեսնում եռամսեակը մէկ, 1000 օրինակ տպաքանակով:

Հանդէսում լուսաբանում ենք ղրիմահայոց կեանքը: Մի ժամանակ յօդուածներ էինք տպագրում հայոց լեզուի մասին, մօտ ապագայում կը վերսկսենք այդ շարքը:

– Պարո´ն Վերմիշեան, ի՞նչ նպատակով էք այցելել Հայաստան:

– ՀՀ սփիւռքի եւ կրթութեան նախարարութիւններն ինձ հրաւիրել էին դասախօսելու սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

– Արդեն երկրորդ տարին է` Ղրիմում անցկացւում է «Սուրբ խաչ» փառատօնը: Մի փոքր կը մանրամասնէ՞ք:

– Անցեալ տարի առաջին անգամ անցկացրինք հայ մշակոյթի ուխտագնացութեան «Սուրբ Խաչ-2010» փառատօնը, որն արդէն պարբերական բնոյթ է ստացել: Այս տարի փառատօնը կը կայանայ յուլիսի 28-31-ը:

Փառատօնն անց է կացւում Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրում: Հոգեւոր եւ մշակութային դաստիարակութիւնը մենք զուգակցում ենք: Ամէն ոք կարող է ոչ միայն գալ, մասնակցել փառատօնին, այլեւ ուխտագնացութիւն կատարել:

Փառատօնը նուիրուած է Տիրոջ պայծառակերպութեան տօնին (Վարդավառ), եւ հիմնական կազմակերպիչը «Արարատ» պարի համոյթն է, որի գեղարուեստական ղեկավարն արուեստի վաստակաւոր գործիչ Արամ Գրիգորեանն է: Կազմակերպիչը նաեւ «Արմ էթնոյ տուր» գործակալութիւնն է, որն օգնում է շրջագայութիւններ կազմակերպել հայկական յուշարձաններով եւ տեսարժան  վայրերով:

– Դուք նաեւ Ղրիմահայոց ընկերութեան նախագահի տեղակալն էք մշակութային հարցերի գծով: Մի փոքր պատմէք ընկերութեան մասին:

– Ամենակարեւորը` աշխատում ենք համախմբել մարդկանց համայնքի շուրջը: Ղրիմահայոց ընկերութիւնն ունի 16  բաժանմունք Ղրիմի տարբեր քաղաքներում:
1993 թուականից սկսուել է Ղրիմի համայնքի վերելքը եւ առ այսօր շարունակւում էգ ճիշտ է` մէկ–երկու տարի մի փոքր նահանջ ապրեց, բայց յետոյ նորից սկսուեց համայնքի վերելքը:

Ղրիմում գործում են հայ գրողների,  նկարիչների միութիւններ, պարբերաբար տարբեր քաղաքներում ցուցահանդէսներ, միջոցառումներ, համերգներ ենք կազմակերպում: Մասնակցում ենք նաեւ համաուկրաինական միջոցառումներին:

Միաժամանակ ընկերութիւնը մեր հայրենակիցների սոցիալական, իրաւական պաշտպանութեան հարցերով է զբաղւում: Մենք իրաւական ծառայութիւն, իրաւաբան ունենք, ով շաբաթը մէկ անգամ անվճար ընդունում է մեր հայրենակիցներին եւ փորձում օգնել նրանց:

Մեր համայնքը, ի հարկէ մեծ դժուարութեամբ, կարողացաւ հասնել նրան, որ Ղրիմի գերագոյն խորհուրդն ընդունեց մի որոշում, որի համաձայն ապրիլի 24-ը համարւում է Հայ ժողովրդի  ողբերգութեան զոհերի յիշատակի օր:

Մի քիչ զգուշաւոր քայլ է, չի շօշափւում Ցեղասպանութիւն բառը, բայց այն մեզ իրաւունք է տալիս ամէն տարի մեծ ցոյցեր կազմակերպել եւ երթի դուրս գալ Սիմֆերոպոլ քաղաքում:

Անցկացնում ենք նաեւ երիտասարդական ակցիայ, որը կոչւում է «Վառի´ր յիշատակի մոմը»: Հաւաքւում ենք քաղաքի կենտրոնում, որտեղ Ղրիմահայոց ընկերութեան ջանքերով կանգնեցուած է Գաբրիէլ եւ Յովհաննէս Այվազովսկիների մարմարեայ յուշարձանը:

1994 թուականից ի վեր ամէն տարի աշնանը Ղրիմում անցկացնում ենք Հայ մշակոյթի օրեր:

Ղրիմում մենք մեզ հիւր չենք համարում. դեռեւս 10-րդ դարից այստեղ հայեր են ապրել:  Իտալացիները Ղրիմի Կաֆա քաղաքը կոչում էին Armenia Maritima (Ծովային Հայաստան): Մենք աշխատում ենք Ղրիմահայոց աւանդոյթները պահել եւ շարունակել:

Ղրիմում բազմաթիւ են հայկական յուշարձաններն ու եկեղեցիները:

Միայն Թէոդոսիայում երեսունից աւել հայկական եկեղեցի է եղելգ ցաւօք, այսօր պահպանուել է միայն ութը: Եկեղեցիներից եօթը կանգուն են, իսկ մէկը համարեա աւերակ է դարձել: Գործում է միայն մէկը` Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ կնքուել եւ պսակադրուել է Յովհաննէս Այվազովսկին, ով նաեւ այդ եկեղեցու մեկենասն է եղել:

Եալթայում գործում է Սուրբ Հռիփսիմէ եկեղեցին, որի կառուցման, նկարազարդման մէջ անմիջական մասնակցութիւն է ունեցել Վարդգէս Սուրէնեանցը:
Սիմֆերոպոլում գործում է նորակառոյց Սուրբ Յակոբ եկեղեցին, որը կառուցուել է հին հայկական գերեզմանատան քանդուած եկեղեցու տեղում:
Եւպատորիայում վերականգնւում է Սուրբ Նիկողայոս եկեղեցին:

– Պարո´ն Վերմիշեան, պատմեբք, խնդրեմ, Ղրիմում գործող հայկական դպրոցների մասին:

– Ղրիմում մենք ունենք դպրոցական խմբերի համակարգ, որը միաւորուած է մէկ ընդհանուր շրջանակում եւ կոչւում է «Ոչ աւանդական հայկական դպրոց»:  Դպրոցն իր մէջ ներառում է Ղրիմի տարբեր քաղաքների դպրոցներում գործող հայկական խմբերը:

Ինչու՞ ոչ աւանդականգ ես եւ իմ ընկերը, լինելով հայերէնի ինտենսիւ մեթոդիկայի կրողը, կարողացանք այնպէս անել, որ ձանձրալի դասաժամերը, որոնք աշակերտներին համարեա ոչինչ չէին տալիս, փոխուեցին եւ վերածուեցին ոչ աւանդական դասաւանդման մեթոդով դասաժամերի:

Ղրիմահայոց համայնքը մեծ չէ, ամբողջ Ղրիմում հաւանաբար քսան հազարից քիչ հայ է ապրում, որից 5-6 հազարը հաւաքուած են Սիմֆերոպոլ քաղաքում, եւ բնականաբար դպրոցի հիմնական գործող խմբերն այս քաղաքում են:

– Իսկ ի՞նչ դասագրքերով է ուսուցումը կատարւում:

– Օգտագործելով ձեռքի տակ եղած գրականութիւնը,  այբբենարանները, ընթերցարանները` ամէն մի ուսուցիչ մեր օգնութեամբ մշակում է սեփական դասաւանդման մեթոդիկան եւ առաջնորդւում է դրանցով:

Մենք առաջին հերթին սովորեցնում ենք խօսել, ոչ թէ սկսում ենք քերականութիւնից, որ աշակերտը ճիշտ դասաւորի խօսքը: Մեր հիմնական նպատակն առաջին հերթին լեզուական անջրպետի յաղթահարումն է:

Ոչ հայկական դպրոցների հայկական խմբերի համար պատրաստել ենք հայոց լեզուի դպրոցական ծրագիր: Այն ուղարկուած է հաստատման Ուկրաինայի եւ Հայաստանի կրթութեան նախարարութիւններ: Ծրագրի նախնական տարբերակն արդէն հաստատուել է Ուկրաինայի կրթութեան նախարարութեան կողմից:

– Պարո´ն Վերմիշեան, ամփոփելով մեր զրոյցը` ի՞նչ կը ցանկանայիք յաւելել:

– Ես այցելեցի ՀՀ սփիւռքի նախարարութեան ԱՊՀ հայ համայնքների վարչութիւն: Շատ հաճելի էր այն ընդունելութիւնը, որն ինձ ցոյց տուեցին:
Անցեալ տարի «Մասեաց աղաւնի» հանդէսը ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից Սփիւռքի լաւագոյն լրատուամիջոցներից մէկն էր ճանաչուել: Ինձ յանձնեցին պատուոգիրը, նուէրը. այդ ամէնը շատ հաճելի էր:

Միաժամանակ ես տեսայ հոգատար վերաբերմունք Սփիւռքի նկատմամբ: Վերջերս նախարարութեան հետ նամակագրական կապը շատ սերտ է, եւ կարող ենք մեր աշխատանքն ինչ-որ չափով համաձայնեցնել ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ այլ համայնքների աշխատանքի հետ:

Յոյս ունեմ, որ մեր աշխատանքն աւելի արդիւնաւէտ կը լինի, եւ կը կարողանանք մեր ընդհանուր գործն առաջ տանել, որ մեր երեխաները Սփիւռքում հայ մնան:

Զրուցեց Լուսինէ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ

Scroll Up